Լրահոս

01.06.2009 15:08


«Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հայտարարությունը 2009թ. մայիսի 31-ին ՀՀ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ

            «Ազատ հասարակության  ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը Երևանի ավագանու ընտրություններին հետևլու նպատակով գործուղել էր մոտ 500  դիտորդներ:  «ԱՀԻ» դիտորդները լիարժեք հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու և մասնակցելու ընտրատեղամասային հանձնաժողովների աշխատանքներին, ներկա գտնվել ձայների հաշվարկին:

Իրականացնելով այս աշխատանքը՝ «Ազատ հասարակության  ինստիտուտ» ՀԿ-ն հայտարարում է

1.      ՀՀ ԿԸՀ-ն արեց հնարավորինս, որպեսզի ՀՀ Երևանի ավագանու առաջին  ընտրությունները անցնեն բարձր մակարդակով, կազմակերպված և առավելագույնս թափանցիկ:

2.      Երևանի ավագանու ընտրությունները անցել են միջազգայնորեն ճանաչված բոլոր չափանիշներին համապատասխան՝ ազատ, արդար և թափանցիկ:

3.      Ընտրությունները անցնում էին այլընտրանքային հիմքի վրա, առկա էր 6 կուսակցություն և մեկ դաշինք:

4.      «ԱՀԻ» դիտորդները չեն արձանագրել ոչ մի խախտում կամ թերացում ընտրողների քվեարկության, ձայները հաշվելու, ընտրական տեղամասերից ԿԸՀ արձանագրությունների տեղափոխման ժամանակ:

5.      Երևանի ընտրական տեղամասերում չի արձանագրվել կողմնակի անձանց, պետական հաստատությունների կամ իրավապահ մարմինների կողմից այդ տեղամասերի աշխատանքներին միջամտելու կամ ընտրությունների ելքը կանխորոշելու փորձեր:

6.      Դիտորդները առանց խոչընդոտի կարողացել են ծանոթանալ իրենց  հետաքրքրող բոլոր փաստաթղթերին, այդ թվում ընտրատեղամասերի արձանագրություններին:

7.      Մեր կողմից չեն արձանագրվել իրավախախտումների կամ ընտրակեղծիքների դեպքեր, նկատված դեպքերը հիմնականում եղել են տեխնիկական թերություններ, որոնք սակայն չէին կարող կանխորոշել ընտրությունների ընթացքը կամ արդյունքները:

8.    Առաջիկայում ԱՀԻ-ն  իր առավել ծավալուն հաշվետվությունը կուղղարկի տեղական և օտարերկրյա ԶԼՄ-ներին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ և իրավապաշտպան կազմակերպություններին և Եվրոպական կառույցներին:  

Այս խորագրի վերջին նյութերը