Լրահոս

22.11.2010 11:20


«Արհեստական արբանյակը» թատերական պրեմիերային մնացել է երկու օր

Նոյեմբերի 24-ին Հրաչյա Ղափլանյանի անվան Երեւանի պետական դրամատիկական թատրոնի բեմում տեղի կունենա թատերական պրեմիերա' «Արհեստական արբանյակը»: Երկու գործողությամբ ռոմանտիկ կատակերգության հեղինակն է հայտնի գրող, բլոգեր Դօրիանը: Ներկայացումը բեմադրվում է նախորդ տարի լայն արձագանքներ գտած «Կապտուկներ հոգուն» թատերական դրամայի ռեժիսոր Ֆրունզե Գեւորգյանի կողմից։ Դեռ երկու շաբաթ առաջ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող երիտասարդ ռեժիսորը դժվարությամբ էր հավատում պրեմիերայի կոմերցիոն հաջողությանն, իսկ այժմ վստահությամբ հայտարարում է, որ «Արհեստական արբանյակը» կրկին բեմ կբարձրացվի: «Ամենայն հավանականությամբ կփոխենք բեմը, քանի որ Դրամատիկական թատրոնում դահլիճ վարձակալելը բավականին բարդ է, բայց ներկայացումն անկասկած կշարունակվի բեմադրվել»,- ասում է նա:

Հիշեցնենք, որ «Արհեստական արբանյակի» իրադարձությունների կենտրոնում երեւանաբնակ Լիլիթն ու Գլենդելից հայրենիք վերադարձած Արսենն են, որոնցից յուրաքանչյուրը նոր բնակարան է ձեռք բերել: Սակայն հաջորդ իսկ առավոտյան երիտասարդներն հայտնաբերում են, որ բնակվում են միեւնույն հարկի տակ: Այդտեղից էլ սկսվում է տարօրինակ իրադրություններով եւ դինամիկ շրջադարձերով ուղեկցվող պատմությունը, որն անսպասելի հանգուցալուծում է գտնում:

Այս խորագրի վերջին նյութերը