Հարցազրույց

09.07.2012 13:04


Զորիկ Գալստյան.

Զորիկ Գալստյան.

Հարցազրույց լուսանկարիչ, ծրագրավորող Զորիկ Գալստյանի հետ

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սոցիալտնտեսական, ինչպես նաև հոգեբանական իրավիճակն այնքան է լարվել, որ արդեն ցանկացած կայծ, միջադեպ կարող է պայթյունավտանգ լինել։

 –Չբացառելով սոցիալ-տնտեսականը՝ ես այնուամենայնիվ կնշեմ, որ շատ ավելի ծանր իրավիճակներ են եղել։ Այնպես որ, այդ գործոնի դերը ներկա իրավիճակում ես չէի համարի շատ էական: Մեր հիմնական պրոբլեմը հիմա երկրորդն է՝ հոգեբանականը: Ինքս լինելով անուղղելի լավատես՝ միշտ կարծել եմ, թե անկախ բոլոր վայրիվերումներից ու շեղումներից, երկիրը շարժվում էր կայացման ուղղությամբ: Ցավոք, լավատեսությունը ինձ ևս սկսել է լքել վերջին 3 տարիներին: Դեպրեսիա՝ այս բառով է երևի կարելի բնորոշել իրավիճակը երկրում, որից դուրս գալու համար միակ ելքը թերևս ընտրություններում ներկա նախագահի պարտությունը կարող է լինել: Ինչ վերաբերում է պայթյունավտանգությանը, ապա ես վախենում եմ, որ նման բան կարող է լինել, և դա հերթական անգամ հետ կշպրտի երկիրը: Մեզ պետք է ԱՅԼ նախագահ, բայց՝ առանց ցնցումների:

Նախորդ նախագահական ընտրություններն ավարտվեցին մարտի 1–ով։ Առջևում ևս նախագահի ընտրություններ են։ Բնական է, որ մինչև այդ իշխանությունը պետք է փորձի օդ բաց թողնել հասարակական լարվածությունը։ Ինչպե՞ս տարբերել արհեստականն անկեղծ պոռթկումից։

Ես միշտ խուսափել եմ հասարակական երևույթներին նման բնութագրումներ (արհեստական, անկեղծ) տալուց: Իհարկե, քաղաքական ուժերը և մանավանդ ընթացիկ իշխանությունը միշտ էլ կփորձեն ուղղորդել պրոցեսները ըստ իրենց շահերի, բայց միևնույնն է, առանց կրակ ծուխ չի լինում: Պոռթկումները հենց այնպես չեն լինում, մարդիկ չեղած տեղը չեն ելնում բողոքի:

Հասարակական այս տարերային բռնկումներն ինչի՞ կարող են հանգեցնել, և նախագահական ընտրությունների համատեքստում քաղաքական լուրջ ընդվզում կարո՞ղ են առաջացնել բողոքի գործողությունները։

Այս պոռթկումներում դրական բան կա։ Դա այն է, որ փոփոխությունների հույս կարող է ներշնչել նաև այն մարդկանց, որոնք սովորաբար չեն ուզում կամ նույնիսկ վախենում են քաղաքական պրոցեսներին մասնակցելուց: Ինձ համար ցանկալի ընդվզման ձևը ընտրություններում ԱՅԼ թեկնածուի օգտին քվեարկելն է, այս առումով սպասելիքներ կան։

Ըստ Ձեզ՝ Սերժ Սարգսյանը տիրապետո՞ւմ է քաղաքական իրավիճակին։

–Կարծում եմ՝ դեռևս այո, բայց չմոռանանք, որ նախագահական ընտրապայքարի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել, և պայքարի ապագա մասնակիցների ցանկը դեռ լրիվ չէ: Ի տարբերություն խորհրդարանականի՝ նախագահական ընտրապայքարը մեզ մոտ միշտ էլ անհամեմատ թեժ է լինում, և շատ անկանխատեսելի զարգացումներ կարող են լինել:

Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատից հրաժարվելը իշխանական դաշտը ներկայացնում է որպես Սերժ Սարգսյանի կողմից կատարված փայլուն քայլ և հանրային պահանջի բավարարում։ Հայ–թուրքականի ժամանակ էլ մեղավորը Նալբանդյանն էր հայտարարվում, այնինչ Սարգսյանն էր նախաձեռնողը։ Եթե նկատել եք՝ տնտեսության ձախողման համար էլ որոշ մարդիկ պահանջում են Տիգրան Սարգսյանի հրաժարականը։ Արդյոք թիրախը ճի՞շտ է ընտրված։

Մանդատից հրաժարվելը ստիպված քայլ էր. եթե չլիներ նախագահի միջամտությամբ, կլիներ այլ ձևով։ Այսպես նրանք փորձեցին փրկել կառավարող կուսակցության դեմքը: Ինչ վերաբերում է հրաժարականներին, ապա ես այդքան էլ կողմ չեմ ամեն առիթով նախագահի հրաժարական պահանջելուն։ Նախագահը պիտի փոխվի ընտրություններով, իսկ, այ, վարչապետի կամ նախարարի դեպքում դեմ չեմ. լինելով նշանակովի պաշտոնյաներ՝ նրանք պետք է ամեն վայրկյան իրենց վրա զգան պաշտոնաթողության սպառնալիքը: Տիգրան Սարգսյանը վատ վարչապետ է, թերևս՝ ամենավատը անկախության տարիներին։ Նրա հրաժարականի պահանջը լրիվ օրինաչափ է: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա ես այդքան կտրուկ մեղքի հարց չէի դնի ձախողման համար՝ հաշվի առնելով, որ տվյալ դեպքում կա նաև դիմացի կողմի գործոնը: Ես սա ասում եմ՝ անկախ այն բանից, որ ՆՈՐ նախագահի ընտրության կողմնակից եմ:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը