Հարցազրույց

03.07.2012 16:32


Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյան

Հարցազրույց բլոգեր Արմեն Հովհաննիսյանի հետ

Վերջին օրերին հեռուստատեսային եթերի շուրջը բարձրացված աղմուկը՝ մտավորականների նամակ, տարբեր նախաձեռնություններ և այլն, արհեստական չե՞ք համարում։

–Դիմել համակարգի ի պաշտոնե «դոնին», որպեսզի նա ինչ-որ հրաշագործ կերպով ազնվացնի եթերը․․․ Մեղմ ասած՝ միամիտ է: Ցանկանար՝ կսկսեր Հ1-ից: Եվ ոչ միայն սերիալներից, այլև կապահովեր համապարփակ օբյեկտիվ տեղեկատվություն: Հեռուստատեսության բարոյականության մեծագույն չափանիշն այն լրատվության որակն է, որով ներկայանում է հեռուստադիտողին:

Հատկապես իշխանամետ լրատվամիջոցները հիմա տարածում են այն տեսակետը, որ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար»–ում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի դեպքը սերիալների հետևանք է։ Համաձա՞յն եք։

Հանրային մտահոգությունն իրական է: Համոզված եմ, որ Վահե Ավետյանին ծեծամահ արած տականքների կերպարը խրախուսվում է հեռուստատեսային սերիալների միջոցով: Ինչպես նաև քրեական արժեհամակարգը՝ ազգային-քաղաքացիական և իրավականի փոխարեն: Բայց դա ընդամենը գոյություն ունեցող համակարգի «մշակութային» ձևակերպումն է, այլ ոչ թե՝ հակառակը: Ասում են՝ այն, ինչ կա ձեր կյանքում, դա է ճիշտը, և դուք դրա հետ պիտի համակերպվեք:

Ձեզ որքանո՞վ է բավարարում եթերի որակը: Դուք նույնպես ժամանակին աշխատել եք հեռուստատեսությունումև Ձեր նպաստն այդ հարցում ինչքա՞ն եք համարում։

Ընդամենը աշխատել եմ չստել, չնվաստացնել, պարկեշտության սահմանները չանցնելով՝ լինել ճնշվածի կողքին, ոչ թե ճնշողի: Գուցե վատ է ստացվել ինձ մոտ, բայց ցավով եմ նկատում, երբ մասնագիտական չափանիշների տեսակետից նվաստիցս շատ ավելի կարող մարդիկ անում են և՛ մեկը, և՛ մյուսը, և՛ երրորդը: Ափսոս․․․

Վիրտուալ կյանքում բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ են տարածում գտել, բայց իրական կյանքում դրանք կարծես թե այնքան էլ արտացոլում չեն ունենում։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է դրա պատճառը։

Քաղաքացիական շարժումները ոչ միայն վիրտուալ են, այլև շատերը շատ իրական, կյանքի վրա ներազդելու մեծ ներուժով: Կարծում եմ՝ վիրտուալը հեռուստատեսությունն է, որի համար Սերժ և Տիգրան Սարգսյանների դեգերումները տիեզերքի առանցքային երևույթներն են. գնաց այստեղ, ասաց սա․․․ Հիշեք պայթած փուչիկների ժամանակ որոշ ալիքների խայտառակ լռությունը:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը