Լրահոս

31.05.2009 13:41


10/27 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել, և խոչընդոտել են «7օր»–ի թղթակցի աշխատանքը

10/27 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել, և խոչընդոտել են «7օր»–ի թղթակցի աշխատանքը

Թեև Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում տեղակայված 10/27 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Սոֆյա Թորոսյանը «7օր»-ին վստահեցրել է, որ խախտումներ, խոչընդոտներ չեն եղել, և քվեարկությունն անցնում է բնականոն, սակայն տեղամաս մտնելով՝ «7օր»-ի թղթակիցը նկատել է, որ հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ի դիտորդ Անահիտ Խաչատրյանը լացակումած է։ 

 -Հարցնում էի՝ տեղակալն իրավունք ո՞ւնի խոսել անդամներից մեկի հետ, բայց նա, չգիտես ինչո՞ւ, բորբոքվեց,- ասել է Ա. Խաչատրյանը։

«7օր»-ի թղթակիցը փորձել է պարզաբանում ստանալ 10/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի տեղակալ Էլեանորա Թումանյանից։ Սակայն նա զարմացել է. «Ի՞նչ միջադեպ, ինչի՞ մասին է խոսքը։ Ոչ մի միջադեպ չի եղել»։

Երբ լրագրողը շարունակել է համառել, Է. Թումանյանն ասել է.

-Տեսնու՞մ եք՝ էստեղ ինչքան վստահված անձ կա. դիտորդներ են բոլոր կուսակցություններից։ Մարդիկ նորմալ, առավոտվանից նստած են, վստահության մթնոլորտ է։ Էդ աղջիկը... չեմ հիշում... Հա՛,  հաշմանդամ չգիտեմ ինչ հասարակական կազմակերպությունից ա, անընդհատ էսպես կասկածամտության մթնոլորտ ա ստեղծում։ Մանավանդ որ, իրեն, ասեցի՝ ի՞նչ կազմակերպությունից ա, առավոտվանից ուշադրությամբ, հոգատարությամբ շրջապատված ա մեր կողմից, բայց դա չի նշանակում, որ դու անընդհատ պետք ա հարցնես՝ էն մարդն ո՞վ ա... ինձ հետևում ա՝ ես ինչ եմ խոսում։ Իրան դա վերաբերվո՞ւմ ա՝ ես ի՞նչ եմ խոսում ու ո՞ւմ հետ եմ խոսում։

10/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սոֆյա Թորոսյանն էլ ասել է.

-Ուղղակի երևի առաջին անգամ է էդ էրեխեն աշխատում, չգիտի օրենքները։ Ինքն ուզում ա, որ տեղակալը ոչ ոքի հետ զրույց չանի, դա էդպես չի։ Ասենք, հաց են բերում, ասում ա՝ ո՞վ են սրանք։ Դե, հաց են բերում, չէ,՞ տարբեր կուսակցությունից։ Ասում ա թե՝ ինչի՞ եք նրան ներս տարել վեշերով, սումկաներով։ Դե, չգիտի աշխատանքային բնույթը։ Ոչի՜նչ, կբացատրենք, կհասկանա։ Պրոբլեմ չկա ու չի լինելու։

Ընտրական հանձնաժողովի «Ժառանգության» անդամ Օքսանա Մարկոսյանը, ինչպես նաև ՀՅԴ և ՀԱԿ վստահված անձինք՝ Սեդա Մելիքթանգյանը և Սամվել Գասպարյանը նույնպես վստահեցրել են, որ իրենց տեղամասում քվեարկությունն անցնում է բնականոն, իսկ դիտորդի և հանձնաժողովի նախագահի տեղակալի միջև տեղի ունեցած միջադեպը  խախտում արձանագրելու համար հիմք չպետք է հանդիսանա։

Ի դեպ, երբ «7օր»-ի թղթակիցը լուսանկարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Էլեանորա Թումանյանին, նա վրդովվել է և ձայնը բարձրացնելով՝ բողոքել, թե իր իրավունքները ոտնահարվել են. լուսանկարել են՝ առանց թույլատվության։ Եվ սա այն դեպքում, երբ մեր թղթակիցը թույլտվությունը նախապես խնդրել էր։

 

Այս խորագրի վերջին նյութերը