Հարցազրույց

29.05.2009 14:15


Արմեն Մազմանյան.

Արմեն Մազմանյան.

Հարցազրույց «Գոյ» թատրոն-լաբորատորիայի  գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանի հետ

-Օրերս հանրապետության նախագահը Ձեզ շնորհել է արվեստի վաստակավոր գործչի կոչում։  Դա չի՞ կաշկանդի Ձեր ազատությունը։

-Կասկածում եմ։ Ես անկաշկանդ եմ եղել առանց կոչումի, այդ կոչումով էլ անկաշկանդ կլինեմ։

-Շնորհված կոչումը արդյո ք  չի՞ նեղացնի Ձեր համարձակության սահմանները։

-Կարծում եմ, որ հիմա պարտավորված եմ ավելի համարձակ լինել։ Դա ոչ մի բան չի կտրում ինձանից, ոչինչ չի խլում իմ ազատությունից, իմ տեսակետներից, իմ կարծիքից և իմ տեսակից։

-Փաստորեն, պարտավորության ոչ մի զգացում իշխանությունների հանդեպ չկա՞։

-Ոչ, որովհետև կարծում եմ, որ իմ 27-ամյա գործունեությանը պետությունը գնահատական է տվել։ Եվ դա ամենևին չի նշանակում, թե այդ գնահատականն ինձ պետք է կապի կամ պարտավորեցնի։ Ես այն եմ, ինչ կամ։ Շնորհակալ եմ, զգացված եմ։ Դա ընդամենը պարատավորեցնում է, իմաստավորում է, հասկանում ես, որ քո արած գործը պետք է, և ուզում ես աշխատել։

-Ասացիք, որ շնորհված կոչումը Ձեր տեսակետներից ոչինչ չի խլի։ Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, մեր այսօրվա իրականությունը։

-Ո՞ր իրականությունը, ո՞ր մասով։

-Թեկուզ՝ քաղաքական։

-Ես քաղաքականությանն արդեմն մի քիչ կողքից եմ նայում, որովհետև Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել ասելով՝ անպայման հասկանում են կուսակցություն բացել ու անպայման մանդատ ունենալ։ Ես այլ կերպ եմ հասկանում։ Կարծում եմ, ժամանակն է, որ այս չալպուտուրիկ, էգոցենտրիկ, սուբյեկտիվ, անհատապաշտական քաղաքական դաշտը տեղը զիջի սկզբունքներին։ Ասել է թե՝ մարդիկ հավաքվեն գաղափարական պլատֆորմի վրա։

-Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների հարցում մեր իշխանությունների վարած քաղաքականությունը։

-Այս պահին ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում։ Ո՛չ մի թուղթ չի ստորագրվել։ Մեր իշխանությունները բարձրաձայնել են, որ ո՛չ մի զիջում, ո՛չ մի նախապայման չի լինելու, ոչի՛նչ չի կարող կասեցնել Հայ Դատի ընթացքն ու հարցականի տակ դնել Ղարաբաղի անկախությունը։  Սա նշանակում է դիրքորոշում։ Հիմա գնդակը Թուրքիայի դաշտում է, նրանցից է կախված, թե ինչ զարգացումներ կլինեն։

-Հաջողվա՞ծ եք համարում «ֆուտբոլային դիվանագիտությունը»։

-Այո, որովհետև տվյալ դեպքում գոնե մեր քաղաքական իմիջը աշխարհում այնպիսին է, որ մենք պատրաստ ենք համագործակցել, մենք բաց ենք, իսկ Թուրքիան իրեն հարազատ մեյմունի քաղաքականությունն է վարում։ Հայտարարում է, թե առանց պայմանների պետք է բանակցել, հետո հայտարարում է, թե՝ չէ, Ղարաբաղը պետք է տան, Հայ դատն էլ չպետք է լինի։ Արդյունքում, մի երկիր, որը ցանկանում է մտնել Եվրամիություն, հայտնվում է ծիծաղելի վիճակի մեջ։

-Իսկ մտավախություն չունե՞ք, որ մենք էլ կարող ենք հայտնվել թուրքական ծուղակում։

-Դե, պետք է այնքան խելք ունենանք, որ չհայտվենք։ Մենք էլ մեր դիվանագիտական գիծը պետք է պահենք։ Միայն այն փաստը, որ Ղարաբաղը «դե ֆակտո» անկախ է և այն փաստը, որ հարաբերությունները մտնում են փակուղի, և ուզած թե չուզած՝ Ղարաբաղը պետք է ճանաչեն բանակցային կողմ, արդեն առաջընթաց է։

-Քաղաքապետի ընտրություններից որևէ ակնկալիք ունե՞ք։

-Անկեղծ ասած, այնքան գործ ու հոգս ունեմ, որ... Ուզում եմ, որ մեր քաղաքում ամեն ինչ ավելի լավ լինի։

-Երևանը կառավարելու տեսանկյունից, կուսակցությունների առաջադրած թեկնածուները Ձեզ բավարարու՞մ են։

-Նայած՝ ով։

-Ասենք՝ Գագիկ Բեգլարյանը։

-Ե՛վ ՀՀԿ, և՛ ՕԵԿ, և՛ ԲՀԿ, և՛ ՀՅԴ թեկնածուներին վերաբերվում են որպես ընկալելի, ինչո՞ւ չէ։ Իսկ եթե Ձեզ հետաքրքրում է իմ անձնական կարծիքը, թե որ ցուցակին եմ համակրում, ապա կասեմ, որ իմ համակրանքը վաղուց հայտնի է.  դա լիբերալ-ազգային կուսակցությունն է՝ Հանրապետականը։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը