Լրահոս

19.06.2012 00:10


Քաղաքապետարան. «Նանսենի անվան թանգարանը հանդիսանում է Երևան քաղաքի սեփականությունը»

Քաղաքապետարան. «Նանսենի անվան թանգարանը հանդիսանում է Երևան քաղաքի սեփականությունը»

Երևանի քաղաքապետարանը Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում թանգարանի շինարարության շուրջ ծագած տարաբնույթ մեկնաբանությունների առիթով հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Դեռ անցյալ տարի նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Երևանի քաղաքապետարանում քննարկվել է մայրաքաղաքում Նանսենի անվան թանգարան հիմնելու հարցը: 

 2012թ. մարտի 22-ին Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը քննարկել է Նոր-Նորքի 1-ին զանգվածում, Նանսենի անվան փողոցին հարակից՝ համանուն զբոսայգում, Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանի էսքիզային առաջարկը: 

 Զբոսայգում գողտրիկ մշակութային օջախ և թանգարան կառուցելու վերաբերյալ կողմ են արտահայտվել ճարտարապետական հանձնաժողովի բոլոր անդամները: Ավելին, ճարտարապետների գնահատմամբ՝ թանգարանը հետաքրքրություն և մշակութային աշխուժություն կմտցնի այգում: Թանգարանի պատվիրատուն Երևանի քաղաքապետարանն է, նախագծողը՝ ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանը:

 Թանգարանը կառուցվում է ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ` ոչ կանաչ տարածքի հաշվին, գոյություն ունեցող բետոնապատ հարթակի վրա: 

 Թանգարանը հանդիսանում է Երևան քաղաքի սեփականությունը և կգործի որպես Երևանի քաղաքապետարանին պատկան մշակութային օջախ»: 

Այս խորագրի վերջին նյութերը