Տնտեսական

29.05.2009 17:32


Փոքր և միջին ձեռներեցությունն առաջնահերթ խթանման կարիք ունի

Փոքր և միջին ձեռներեցությունն առաջնահերթ խթանման կարիք ունի

-Ճգնաժամը դեռ ուժգնանում է։ Ճգնաժամը դեռ կանգ չի առել կամ չի հասել այն կետին, որից հետո արդեն քայլեր են արվում վերականգնել տնտեսական աճի տեմպերը։ Բազմաթիվ միջազգային փորձագետների կանխատեսումներով՝ Համաշխարհային տնտեսությունն այս տարի լուրջ անկում է արձանագրելու։ Առանձին երկրներ կարձանագրեն երկնիշ անկում։ Շատ եմ ուզում հուսալ, որ Հայաստանն այդ երկրների թվում չի լինի և անկումը, այնուամենայնիվ, միանիշ կլինի։ Հնարավորություն եմ տեսնում անգամ զրոյական անկման,- «Տեսակետ» ակումբում նման կարծիք է հայտնել ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ներսում որոշ երկրների՝ արդեն երևացող փորձը, Հայաստանը ճգնաժամից կարող է նաև օգտվողի դերում լինել։

Թաթուլ Մանասերյանը համոզված է, որ այսօր փոքր և միջին ձեռներեցությունն առաջնահերթ խթանման կարիք ունի.

-Եթե, հատկապես ճգնաժամի պայմաններում, այս հատվածը չաշխուժանա, հրաշքներ սպասել չի կարելի։ Ոչ ոք չի բարձրացնի տնտեսությունը։ Խոշոր բիզնեսն ի վիճակի չէ դա անել։ Փոքր և միջին բիզնեսի համար կարևոր է հարկային շրջանայնացումը, այսինքն՝ Երևանից դուրս հարկերի նվազման տենդենցը դեպի ծայրամասեր,  զրոյական դաշտի սահմանումը և ազատ գոտիների ձևավորումը։

Անդրադառնալով նաև նախորդ շաբաթ Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված հարկային փաթեթին, Թաթուլ Մանասերյանը հույս է հայտնել, որ այն կբարեփոխվի և հետո միայն կներկայացվի.

-Հարկային փաթեթը երկու լուրջ խնդիր էր պարունակում՝ հարկային ներկայացուցչի ներդրում և ակցիզային պահեստի ռեժիմի կիրառում։ Հույս ունեմ, որ հարկային փաթեթը կբարեփոխվի և կներկայացվի Ազգային ժողով, ինչից հետո մենք առիթ կունենանք խոսել արդեն դրական օրենսդրական դաշտի մասին, որը կնպաստի ճգնաժամից դուրս գալուն։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը