Լրահոս

16.06.2012 16:59


Կայացել է իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի «Արարատ` Նոյյան տապանի հետքերով» գրքի շնորհանդեսը

Կայացել է իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի «Արարատ` Նոյյան տապանի հետքերով» գրքի շնորհանդեսը

Հունիսի 14-ին Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Իտալական աշխարհագրական ընկերությունը կազմակերպել է իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի «Արարատ` Նոյյան տապանի հետքերով» գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը,   Իտալական աշխարհագրական ընկերության նախագահ Ֆրանկո Սալվատորին, գրքի հեղինակ Տիտո Դե Լուկան,  Հռոմի Ռոմա-3 և Պիզայի համալսարանների գիտնականները: 

Իր ելույթում դեսպան Կարապետյանը մասնավորապես նշել է, որ  այս ձեռնարկը նվիրված է բացառիկ հետաքրքություն ներկայացնող մի թեմայի, որը  մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար: Դեսպան Կարապետյանը շեշտել է, որ շատերը գիտեն Նոյյան տապանի բիբլիական պատմությունը, որը համաշխարհային ջրհեղեղից հետո իր հանգրվանը գտավ Արարատ լեռան վրա: Սակայն քչերին է հայտնի, որ Արարատը գտնվում է պատմական Հայաստանի սրտում, որ բիբլիական սարի փեշին փռված Արարատյան դաշտավայրը դարձավ Նոյի տունը, իսկ Հայաստանը՝ նրա հայրենիքը:

Դեսպանը նաև հավելել է, որ այս միջոցառումը առավել կարևորություն է ձեռք բերում հատկապես այսօր, երբ պատմությունը խեղաթյուրելու և հայկական մշակույթի տարրերը գողանալու ու որպես սեփական դրանք ներկայացնելու  քաղաքականությունը Հայաստանի որոշ հարևանների կողմից ընդունել է առավել ագրեսիվ բնույթ: Նա համոզմունք է հայտնել, որ նման միջոցառումները նպաստում են հայկական քաղաքակրթության մասին տեղեկությունների հանրայնացմանը` հանդիսանալով  ամենալավ միջոց հետագա պատմական շահարկումները թույլ չտալու համար:

 Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Հռոմի կենտրոնում գտնվող  Իտալական աշխարհագրական ընկերության պատմական նստվայր հանդիսացող Վիլլա Չելիմոնտանայում,  մասնակցել են Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, մշակույթի և գիտական  շրջանակների, իտալական մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: 

Այս խորագրի վերջին նյութերը