Լրահոս

15.06.2012 20:49


Վրաստանում դեմ են զինծառայողներին արտասահման ուղարկելուն

Վրաստանում դեմ են զինծառայողներին արտասահման ուղարկելուն

Վրաստանում աստիճանաբար աճում է զինծառայողներին Աֆղանստան ուղարկելու ծրագրի հակառակորդների թիվը. վրացական զորքերի տեղակայման առաջին ժամանակահատվածից`2009-ից  մինչ օրս Աֆղանստանում ծառայող 16 զինվոր է զոհվել:

Այս տարվա ավարտին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կազմում ծառայող վրացի զինվորների թիվը կավելանա եւս 750-ով`հասնելով 1 700-ի: Այս դեպքում Վրաստանը կլինի ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող, ISAF-ին ամենից շատ զինծառայողներ տրամադրած երկիրը: Այժմ վրաստանյան զինված ուժերը տեղակայված են Աֆղանստանի հարավում գտնվող անհանգիստ շրջաններից մեկում`Հելմանդի նահանգում եւ մայրաքաղաք Քաբուլի շրջակայքում:

2008-ին Ռուսաստանի հետ կարճատեւ պատերազմի ընթացքում Իրաքում 2 000 վրացի զինվորներ էին ծառայում, եւ ռազմական փորձագետները նշում են, որ քանի դեռ Մոսկվայի հետ հարաբերությունները լարված են, ճիշտ չի լինի արտասահմանում ծառայող զինվորների քանակն ավելացնելը:

Դեռեւս պաշտոնական տեղեկություններ չկան, թե որքան ժամանակ պետք է զինված ուժերը տեղակայված լինեն Աֆղանստանում, սակայն հայտնի է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է դուրս բերել իր զորքերը մինչեւ 2014 թվականի ավարտը: 

37 հազար վրաց զինծառայողներից 1 700-ի բացակայությունը կարող է նշանակալի լինել, բայց տվյալ դեպքում խոսքը գնում է ամերիկյան մասնագետների կողմից վերապատրաստված բարձրակարգ ռազմական ստորաբաժանման մասին: Աֆղանստանում ծառայող զինվորների հետ միաժամանակ, եւս 1 700 զինծառայողներ նախապատրաստում անցնում`իրենց հերթափոխի ժամանակ այնտեղ մեկնելու համար, նույն թվով զինծառայողներ վերադարձել են հայրենիք արձակուրդն անցկացնելու համար:

Առաջին վրաստանյան զինված ստորաբաժանման`Աֆղանստան մեկնելուց հինգ ամիս անց`2010-ին, նախագահ Սահակաշվիլին իր ելույթի ժամանակ անդրադարձավ այս հարցին`նշելով, որ Վրաստանը գերազանցում է բոլոր երկրներին իր ուղարկած զինծառայողների քանակով:

Իշխանությունները հերքում են այն ենթադրությունները, որ Աֆղանստան զինված ստորաբաժանումներ ուղարկելը կարող է վնաս հասցնել բանակի թվաքանակին`պնդելով, որ համապատասխան պայմանագիր է կնքվել, որի համաձայն զինծառայողներն անմիջապես հայրենիք կուղարկվեն անհրաժեշտության դեպքում:

Սակայն նույնիսկ այս հայտարարությունները համոզիչ չեն թվում նախագծի քննադատներին:  

«2008-ի վրաց-ռուսական պատերազմի ժամանակ Իրաքում ծառայող 2 000 վրացի զինվորները հետ վերադարձան միայն երրորդ օրը: Հենց այս համատեքստում է զինծառայողների համարյա ողջ ջոկատը մեկնում մասնակցելու ՆԱՏՕ-ի ISAF առաքելությանը Աֆղանստանում: Այս թվաքանակով զինծառայողների արտասահման ուղարկելը կարող է ծանր նստել ազգային անվտանգության տեսանկյունից», - ասում է «Arsenal» ռազմական ամսագրի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլին:

Վրաց հանրության վերաբերմունքը զինծառայողներին Աֆղանստան ուղարկելու կապակցությամբ եւս բացասական է`հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ նրանց շրջանում զոհերի թիվն աճել է: Վերջին մահվան դեպքը գրանցվել է այս տարվա ապրիլի վերջին, երբ Հելմանդի նահանգում ականի պայթյունից զոհվեց զինծառայող Վալերիան Խուջաձեն:

Վերջերս www.live.ge կայքի կողմից անցկացված առցանց հարցման շուրջ 2 000 մասնակիցների 95 տոկոսը դեմ է հանդես եկել վրացի զինծառայողներին արտասահման ուղարկելու ծրագրին:

Թբիլիսիի Եվրակովկասյան համալսարանի ներկայացուցիչ Գեորգի Անթաձեն նշում է, որ ակնհայտորեն «մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչու են իշխանությունները եւս մեկ ջոկատ ուղարկում աշխարհում պատերազմական գործողությունների ամենաթեժ կետերից մեկը, եթե այնտեղ արդեն իսկ վրացական զորքեր կան»:  

1999-ից ի վեր, վրաստանյան զինված ուժերը մի շարք այլ միջազգային առաքելությունների են մասնակցել, առաջինը եղել է Կոսովոյում, 2004-ին Աֆղանստանում նախագահական ընտրությունների ժամանակ, այնուհետեւ`Իրաքում:

Իշխանությունները պնդում են, որ Վրաստանի համար կարեւոր է խաղաղապահ առաքելություններին աջակցելը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի նման գործընկերների հետ սերտ հարաբերություններ զարգացնելը:  

Սակայն փորձագետները նշում են, որ այս հարաբերություններն ավելի մեծ ջանքեր են պահանջում, քան պարզապես ռազմական ներուժ առաջարկելը:

«Աֆղանստանում աճող ռազմական ներկայություն ապահովելը ՆԱՏՕ-ին միանալու բազմաթիվ անհրաժեշտ նախապայմաններից միայն մեկն է: Սա ոչ մի կերպ Վրաստանի անդամակցության երաշխիքը չի հանդիսանում: ՆԱՏՕ-ի պահանջները նաեւ ներառում են մեծ ձեռքբերումներ ժողովրդավարության բարձր մակարդակի, անկախ դատական համակարգի, մամուլի ազատության եւ արդար ընտրությունների ոլորտներում», - նշում է Թբիլիսիում գործող Ռազմական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Տենգո Պխակաձեն:  

Գեորգի Ցխվիտավա

Վրաստանի Ռազմական լրագրողների միության նախագահ ն ն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net

Այս խորագրի վերջին նյութերը