Լրահոս

18.01.2011 11:54


Ո՞րն է գերակա հանրային շահը

Շուտով մեկ տարի կլինի ինչ «Օլիմպ» ԱԿ-ը զրկվեց Աբովյան 4 հասցեում գտնվող իր սեփական տարածքից։ Տվյալ տարածքը 2007-թ կառավարության որոշմամբ համարվել էր հանրային գերակա շահ և տարածքի ձեռքբերող էր ճանաչվել «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերությունը (Նույն ընկերությանն է պատկանում նաև Աբովյան-Արամ փողոցներին հարող ողջ հատվածը)։ «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերությունը հրաժարվեց համարժեք փոխհատուցում տալ սեփականատիրոջը և դիմեց դատարան «Օլիմպ» ԱԿ-ի սեփականության իրավունքը դադարեցնելու և տվյալ տարածքից վտարելու պահանջով։  «Օլիմպ» ԱԿ-ը ապօրինաբար վտարվեց, գույքն էլ երկար ժամանակով առգրավվեց, ինչը ուղղակիորեն կես տարուց ավելի կասեցրեց «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող Միլանո խանութի գործունեությունը՝ հսկայական նյութական վնասներ պատճառելով։ Փոխարենը, «Ավո ՖՄՀ» տնօրեն Ավետիս Կարագուլյանը իր հետ բացառիկ հարցազրույցում /http://www.hraparak.am/2010/07/12/nver-chem-talu-da-moraceq/  գոհունակությամբ հայտնում է, որ պետք է ուրախ լինել, որ իրենց տներից տեղահանված մարդկանց փոխարեն նույն տեղում կառուցվող «էլիտարներում» բնակարաններ են գնում հայաստանցիները։ Հետաքրքրական է, ում՞ ի նկատի ունի Ավետիս Կարագուլյանը հայաստանցի ասելով։ Սիրիայի քաղաքացի, կյանքի մեծ մասն  այնտեղ բնակված Ավետիս Կարագուլյանն ինքն իրեն հայաստանցի համարու՞մ է տեսնես։

 «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը, ինչպես յուրաքանչյուր օրենք ՀՀ-ում, ծառայում է նեղ շրջանակների շահերին և դրա համար գործի է դրվում պետական, դատական ողջ համակարգը։ Ո՞րն է գերակա հանրային շահը։ Ավետիսի (Ավետիս Կարագուլյան) բիզնեսը, ավետիսների բիզնեսը, Աբովյան փողոցի անճաշակ, բարձրահարկ շինությունները, կտրված այգիները։

Ավետիս Կարագուլյանը դեռ հանդգնում է նվերներից խոսել, իսկ եթե հաշվենք, թե ի՞նչ աստղաբաշխական շահույթներ է ստանում նա, հրաժարվելով սակայն  նվազագույն փոխհատուցում տալ սեփականատերերին։ Փաստորեն, Կարագուլյանի համար նվերը՝ փոխհատուցում տալն է։ Փոխհատուման մասին.  համաձայն օրենքի, փոխհատուցումը պետք է լինի համարժեք, տրվի նախապես և օտարման գործընթացը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը։

Ստացվում է, որ բարի նպատակներ հետապնդող գործարարն իր գործունեությունը շարունակում է մարդկանց տնազուկ անելով։

Հիշեցնենք, որ տվյալ տարածքում էր գտնվում նաև «Օլիմպ» ԱԿ-ի փայատերերից մեկի սեփական տունը, ինչը նույնպես ապօրինաբար օտարվեց։ Նույն տարածքից անօրինաբար տեղահանվեցին նաև տասնյակ ընտանիքներ, որոնց մեծ մասն էլ այսօր պայքարում է արդարությունը վերականգնելու համար։

                                                                                     Հ. Ղուկասյան

Այս խորագրի վերջին նյութերը