Լրահոս

13.06.2012 20:57


Սեպտեմբերին Բյուրականում կգործի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը

Սեպտեմբերին Բյուրականում կգործի  երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը

Սեպտեմբերի 15-23-ին Բյուրականի աստղադիտարանում կգործի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը, որը բյուրականյան ամառային դպրոցների շարքում արդեն 4-րդն է: Այս անգամ դպրոցը գործում է Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Դպրոցը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) կողմից: Դասախոսների թվում հրավիրված են այնպիսի նշանավոր աստղագետներ, ինչպիսիք են Միջազգային աստղագիտական միության նախագահ Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ), հնդիկ նշանավոր տիեզերաբան Ջայանթ Նարլիկարը, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսորներ Երվանդ Թերզյանը և Ռիչարդ Լովելասը, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին հաղթող Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա) և այլք, ինչպես նաև ԲԱ աստղագետներ: Դպրոցին կմասնակցեն Հայաստանի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների մոտ 30 ուսանողներ: Դասախոսվող և քննարկվող թեմաներն են լինելու ցամաքային և տիեզերական աստղադիտակները և դիտողական տեխնիկան, համակարգիչները և տվյալների մշակման համակարգերը աստղագիտության մեջ, աստղագիտական կատալոգները, շրջահայությունները, տվյալների շտեմարանները և Վիրտուալ աստղադիտարանները, զանազան եղանակներով մոլորակների, աստղերի, միգամածությունների և գալակտիկաների ուսումնասիրությունները, պատմա-աստղագիտությունը և աստղագիտական ժառանգությունը: Դասախոսություններից բացի, մասնակիցների համար կկազմակերպվեն գործնական պարապմունքներ, դիտումներ և դրանց արդյունքների մշակում, ծանոթություն ԲԱ աշխատանքներին և շրջագայություններ Հայաստանում: Դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան նաև մասնակցելու Վիկտոր Համաբարձումյանի միջազգային մրցանակի հանձնման սեպտեմբերի 18-ին կայանալիք արարողությանը և «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով սեպտեմբերի 25-28-ին կայանալիք միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովին, որը նվիրված կլինի ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական և ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը:

Հիշեցնենք, որ բյուրականյան միջազգային ամառային դպրոցների շարքը սկսվել է 2006թ. և անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Նախորդ դպրոցների աշխատանքներին (2006, 2008, 2010թթ.) մասնակցել են 21 երկրների 100-ից ավելի ուսանողներ: Դասախոսների թվում են եղել այնպիսի նշանավոր գիտնականներ, ինչպիսիք են Դանիել Վիդմանը և Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ), Դանիել Կունտը, Միշել Դենեֆելդը և Գարի Մամոնը (Ֆրանսիա), Դիտեր Էնգելսը և Լուտց Վիսոցկին (Գերմանիա), Մասիմո Տուրատոն (Իտալիա), Ժան-Պիեր դե Գրևը (Բելգիա) և այլք, թվով ընդամենը 26 արտասահմանյան աստղագետ:

Հայկական աստղագիտական ընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը