Լրահոս

13.06.2012 14:42


Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառում

Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված  միջոցառում

Հունիսի 9-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը մասնակցել է Պեզարո քաղաքում «Որոնելով Դրախտը» (In Search for Paradise) հայ ժամանակակից նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված էր Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Պեզարոյի քաղաքապետարանի կողմից «Ռենկո» ընկերության հովանավորությամբ և Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը և Պեզարոյի քաղաքապետ  Լուկա Չերիշոլին: Դեսպան Կարապետյանն իր ելույթում կարևորել է հայկական արվեստը ներկայացնող միջոցառումների անցկացումը, մասնավորապես, Իտալիայի նման հարուստ մշակույթ ունեցող երկրում:

Պեզարոյի քաղաքապետն իր ելույթում նշել է, որ մեծ պատվով է հյուրընկալում հայկական արվեստի ցուցահանդեսը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ցուցահանդեսը կունենա մեծ հաջողություն, քանի որ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը և նորովի վերաիմաստավորելու Հայաստանի ու Իտալիայի միջև հարաբերությունները, որոնք ունեն հնագույն պատմություն: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Մարկե նահանգի և Պեզարո քաղաքի ղեկավար այրեր, մշակույթի և գործարար  շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Պեզարո կատարած այցի շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը առանձին հանդիպում է ունեցել Պեզարոյի քաղաքապետի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Պեզարոյում Ռենկո ընկերության նախագահությամբ ստեղծել հայ-իտալական առևտրի պալատ: Նախատեսվում է, որ հայ-իտալական պալատի գործունեությունը ծավալվելու է ամբողջ Մարկե նահանգում, որը հանդիսանում է Իտալիայի կենցաղային սարքավորումների և տեխնիկայի արտադրության  ամենազարգացած նահանգը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ Հայաստանը կմասնակցի 2013 թվականին Պեզարոյում կազմակերպվող Ռոսինիի անվան օպերային փառատոնին:

Հանդիպման ավարտին Պեզարոյի քաղաքապետը ընդունել է  ՀՀ դեսպանի`  Հայաստան այցելելու հրավերը:  

Այս խորագրի վերջին նյութերը