Լրահոս

13.06.2012 12:21


Վարդան Օսկանյան. «Ես շարունակելու եմ պայքարել»

Վարդան Օսկանյան. «Ես շարունակելու եմ պայքարել»

Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ նախկին արտգործնախարար, Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի հասցեին հնչած «փողերի լվացման» մեղադրանքը քաղաքական հետապնդում է: Այդ մասին «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ հայտարարեց ինքը՝ Վարդան Օսկանյանը:

«Այս ամենն ինձ համար անսպասելի էր: Սա իմ դեմ քաղաքական հետապնդում է, և ես չգիտեմ, մինչև ուր այն կհասնի: Մենք կրիմինալ անձինք չենք, հարկային մարմինները, ֆիննախը կարող էին գալ, ստուգել` ինչպես ենք աշխատում: Այդ դեպքում ես չէի տարակուսի, քանի որ ֆինանսական վերահսկողության մեթոդը դա է, այլ ոչ միանգամից մի ինչ-որ անվտանգության աշխատակից գա ու ծանուցագիր ներկայացնի, այն էլ` ոչ թե ինձ, այլ աշխատակից աղջիկներից մեկին, որն էլ առաջինը տեղեկանա, որ Վարդան Օսկանյանը որպես վկա հրավիրվում է ցուցմունք տալու, ինչից հետո ծանուցագիրը փոխանցի ինձ: Սա՞ է նախկին արտգործնախարարի, քաղաքական գործչի նկատմամբ վերաբերմունքը»,- ասաց պարոն Օսկանյանը:

Ըստ Օսկանյանի, հարուցված քրգործում նշվում է, թե ինքը Ջոն Հանթսմանի` բարեգործական նպատակներով փոխանցած գումարը ոչ նպատակային է օգտագործել, մինչդեռ Հանթսմանը, վստահելով իրեն, նվիրաբերել է գումարը, պայմանագրում նշելով, որ այն ստացողն իրավասու է տնօրինել այն սեփական հայեցողությամբ: Նախկին արտգործնախարարը հիշեցրեց, որ Ջոն Հանթսմանն աշխարհում ճանաչված բարերար է, առաջին հարյուր հարուստներից մեկը, որն արդեն իսկ նվիրաբերել է իր ունեցվածքի կեսից ավելին: Նա երկրաշարժի առաջին օրերից օգնություն է հատկացրել հայերին` Գյումրիում դպրոց է կառուցել, հիմնել գործարան, որն աղետի գոտում սպասարկում էր բարերարի հովանավորած շինարարական աշխատանքները: 2010-ին Հանթսմանը որոշել է վաճառել իր հիմնադրած գործարանը և վաճառքից ստացված գումարը փոխանցել է Օսկանյանին ու Սիվիլիթաս հիմնադրամին` ժողովրդավարության կայացմանն ուղղված ծրագրերն իրականացնելու համար:

«Ի˜նչ փողերի լվացում. «փողերի լվացում – Օսկանյան -Հանթսման» բառերը մի նախադասության մեջ գոյություն չեն կարող ունենալ: Սիվիլիթասի նման թափանցիկ աշխատող ընկերություն չկա: Հաշվապահությունը մենք չենք անում, «Պարադիգմա» անունով ընկերություն կա, որն էլ կատարում է այն: Մենք ոչ մի բանի չենք խառնվում, ամեն դրամը հաշվված է, հաշվետվությունները մեր կայքում էլ կան: Գործարք է եղել, իրավաբաններն ասել են, որ հարկային պարտավորություններ չեն առաջացել, փոխանցումը կատարվել է բանկերի միջոցով, այդ ամենը նրանք տեսել են: Հենց այդ պահին թող ասեին… Սա քաղաքական ճնշում է, քանի որ այլ մեկնաբանություն չեմ գտնում»,- ընդգծեց Սիվիլիթասի հիմնադիրը:

Օսկանյանը նշեց նաև, որ Սիվիլիթասի տարեկան բյուջեն մոտ $1 մլն է, և հիմնադրամում մոտ 60 երիտասարդ է աշխատում, որոնք հավատում են իրենց կատարած աշխատանքին: Սիվիլիթասի գործունեությունը բավականին լայն է` դասախոսություններ, մամուլ, քննարկումներ և այլն:

«Այստեղ խնդիրն այն է, որ այս իշխանությունների մոտ հանդուրժողականությունը բավականին ցածր է, զրո է: Այսօր գործում է «կա´մ մեզ հետ ես, կա´մ մեզ դեմ ես» կարգախոսը: Այսինքն` պիտի ասես, որ ինչ իրենք անում են լավ է, մարդիկ չեն գնում, արտագաղթ չկա, աղքատություն չկա: Եթե դու սա չես ասում, դու դառնում ես թշնամի»,- ասաց Օսկանյանը, հավելելով, որ եթե իշխանությունը կարողանա Սիվիլիթասը փակել, ապա այդ կանի անմիջապես` այդ 60 աշխատատեղերը փակելու մասին մի վայրկյան չմտածելով:

Վարդան Օսկանյանը խոսեց նաև դատախազության հիմնավորումների մեջ տեղ գտած որոշ զավեշտների մասին. «Օրինակ, նշվում է «հնարավոր հարկային պարտականությունները չկատարելու» մասին: Դեռ չեն էլ ճշտել` առաջանո՞ւմ են նման պարտավորություններ, թե՞ ոչ: Ենթադրենք, թե 10% հարկային պարտավորություն է առաջացել, թող տույժ ու տուգանքներ նշանակեն»,- նշեց նա, չճշտված խնդրի մասին նման վերաբերմունք դրսևորելը համարելով բացառապես քաղաքական ճնշում:

«Այսօր ոստիկանությունը, դատական համակարգը քաղաքական լծակներ են: Մարդ մի բան է ասում, իրենք չեն հավանում, հաջորդ օրը հարկայինն է գալիս, ոստիկանությունն է գալիս: Եվ եթե դու, Պետրոս, այսօր համակերպվել ես, սովորել ես դրան, ավելի լավ է` թողնես գնաս: Մեզ պետք են մարդիկ, որոնք Հայաստանի ապագային հավատում են: Այս երկիրը ինձանից է կախված, քեզանից է կախված, բոլորիցս է կախված»,- դիմելով հաղորդավարին, ասաց Օսկանյանը:

«Ընտրարշավի ժամանակ ես խոսում էի քաղաքական հակակշիռների մասին: Հիմա ուզում եմ մեր հասարակությանը իմ օրինակով ցույց տալ դրա մեխանիզմը: Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, ես բացարձակ անհանգստություն չէի ապրի, ես հիմա կներկայացնեմ շղթան, որպեսզի պարզ լինի: Այսօր մի անհատ, մի մարդ անվտանգության ծառայությանը կարող է, չէ՞, ասել` ինչ-որ փաստեր գտեք: Կարող է: Նույն անձը կարո՞ղ է խորհրդարանում իր մեծամասնությանը ասել` Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկեք: Կարող է, որովհետև բացարձակ մեծամասնություն է խորհրդարանում: Նույն այդ անհատը կարո՞ղ է դատախազին, որն իր նշանակածն է, իրեն է ենթարկվում, ասել` անձեռմխելիությունից զրկելուց հետո գործ հարուցեք: Կարող է: Հետո կարո՞ղ է դատարանին ասել` Օսկանյանին մեղավոր ճանաչեք: Կարող է: Մի անձ, մի անհատ Հայաստանում ինչ ցանկանա, կարող է անել: Խնդիրը միայն ինձ մոտ չէ, խոսքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է: Ինձ ճանաչում են, որովհետև ես Օսկանյանն եմ, կարող եմ գալ այստեղ, խոսել, բայց օրական հազարավոր նման դեպքեր են լինում: Խնդիրը ես չեմ, խնդիրը ապագան է»,- ասաց Օսկանյանը:

Նա նաև նշեց, որ հոգեբանորեն պատրաստ է ցանկացած զարգացման, քանի որ այս իրավիճակում «եթե իշխանությունը մտադրվի, ինչ ցանկանա` կանի»:

«Վաղը կանչել են հարցաքննության` որպես վկա, գնալու եմ: Վերջանալուն պես Facebook-ով կտեղեկացնեմ, ինչ է եղել: Ես շարունակելու եմ պայքարել, որ այս ամեն ինչը հանենք քաղաքական դաշտից: Այսօր երկրի հաջողության գրավականը քաղաքական ու տնտեսական առողջ ինստիտուտներն են, և դրանք առողջ կլինեն, եթե ներգրավեն բոլորին. այն մարդկանց, որոնք կարող են ներդրում անել, աշխատել: Բայց այսօր դրանք միայն նեղ շրջանակի համար են»,- ասաց նա:

Օսկանյանն ընդգծեց, որ Սիվիլիթասը ևս պայքարի պատրաստ է:

«Իմ ոգևորության աղբյուրն են այդտեղ աշխատող երեխաները: Ես պաշտոնապես հրաժարվել եմ նախագահի պաշտոնից, բայց իմ գրասենյակն այդ շենքում է, և ես գնում, հանդիպում եմ նրանց: Ու նրանք հավատում են, որ իրենց արած գործը նպաստում է պետության ապագային: Իշխանությունն ու պետությունը նույնացնող անձինք միայն կարող են համարել, որ այդ գործը հակապետական է: Այդ գործը հակապետական չէ, այլ որոշ չափով` ընդդիմադիր, ինչը բնական է»,- ասաց Օսկանյանը:

Civilnet.am

Այս խորագրի վերջին նյութերը