Հարցազրույց

13.06.2012 08:55


Արմեն Բադալյան.

Արմեն Բադալյան.

Հարցազրույց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ

–Ինչպե՞ս կմեկնաբանեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր և ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին փողերի լվացման համար մեղադրելու հանգամանքը։

–Հատկապես 2008թ. մարտի 1–ից հետո Հայաստանում իրավապահներին հաջողվում է շատ լավ կատարել ընդամենը երկու գործ՝ պայքարել ընդդիմադիրների դեմ կամ այն մարդկանց դեմ, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն և «օպերատիվ հետախուզական գործողություն իրականացնելով՝ ձերբակալել հարևան գյուղում երկու հավ և մեկ ձու գողացած մարդկանց»։

–Փաստորեն, Դուք է՞լ եք կարծում, որ Վարդան Օսկանյանի հանդեպ քաղաքական հետանդում է իրականացվում։

–Ես կարող եմ այդպես մտածել, որովհետև ծանոթ եմ ոստիկանության վերջին շրջանի գործունեությանը։ Հատկապես 2008թ. մարտի 1–ից հետո դատավարությունների ընթացքում ոստիկանների կողմից տրված հարցազրույցները գալիս են ապացուցելու, որ, կրկնում եմ, ոստիկանության մոտ երկու բան է լավ ստացվում՝ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ գործեր հարուցելը և «օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքում հարևան գյուղից երկու ձու և մեկ հավ գողացողներին կալանավորելը»։

–Իսկ ինչո՞ւ հենց Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում սկսվեց իրականացվել։

–Որովհետև Օսկանյանը ԲՀԿ–ի մեջ բավական ակտիվ քաղաքական կշիռ ունի։ Ի դեպ, շատ ավելի տրամաբանական կլիներ, որ Վարդան Օսկանյանին մեղադրեին ոչ թե փողերի լվացման, այլ ավելի հնչեղ գործի համար։ Օրինակ ավելի տրամաբանական կլիներ, եթե Վարդան Օսկանյանին մեղադրեին Քենեդու սպանության մեջ։ Սա շատ ավելի հնչեղ և սազական կլիներ իր քաղաքական կշռին։

–Կարծիք կա, որ Վարդան Օսկանյանը նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի մրցակից թեկնածու կարող է լինել, և հենց պատճառներից մեկն էլ սա է, որ ուզում են չեզոքացնել նրան որպես թեկնածուի։ Համամի՞տ եք։

–Նախ՝ դրանով վարկանիշը չեն գցի։ Երկրորդ՝ ընտրությունների մասին պետք է խոսել առնվազն այս տարվա աշնանից՝ գոնե հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներից։ Մինչ այդ, թե՛ ԲՀԿ–ն, թե՛ ՀԱԿ–ը բավականին լուրջ անելիքներ ունեն, որից հետո արդեն կարելի է խոսել նախագահի թեկնածուների մասին։ Չի բացառվում, որ, իհարկե, Վարդան Օսկանյանը կարող է լինել նախագահի թեկնածու, թեև ինքը դեռևս հստակ ոչինչ չի ասել։

–Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց հիմա՛ սկսեցին Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնել։

–Եթե տրամաբանություն լիներ նրանց գործողությունների մեջ, կարելի էր հասկանալ, բայց քանի որ տրամաբանություն չկա, պատասխան էլ չկա։ Այդ հարցը տվեք նրանց, ովքեր այդ քրեական գործը տանում են։

–Ասացիք, որ Օսկանյանի վարկանիշն այսպիսով չի ընկնի։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ հակառակը՝ ավելի՞ կբարձրանա։

–Իհարկե։ Հալածյալը շատ ավելի ընկալելի է հասարակության կողմից։

–Իշխանություններն այդքան բանը չե՞ն հասկանում։

–Հարցրեք իրենց։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը