Լրահոս

12.06.2012 11:17


ԼՂՀ նախագահը Երևանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

ԼՂՀ նախագահը Երևանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Երևանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Իմոն Գիլմորի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:

Բարձր գնահատելով ԵԱՀԿ ջանքերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետք է վերականգնել ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում հաստատված բանակցային ձևաչափը՝ նշելով, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման:

Երկրի ղեկավարը կրկին հաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, միաժամանակ ավելացնելով, որ հիմնախնդրի կարգավորման կարևոր խոչընդոտներից է Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ և հակահայկական քաղաքականությունը, որը վերջին ժամանակահատվածում ընդունել է խիստ ծայրահեղական կեցվածք և միջազգային հանրության կողմից պետք է արժանանա համապատասխան գնահատականի:

Արցախի Հանրապետության նախագահը կարևորել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Արցախ այցելելու և տեղում երկրին ծանոթանալու անհրաժեշտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը