Լրահոս

12.06.2012 09:54


Ոստիկանությունը հետիոտներին հորդորում է լինել կարգապահ

Ոստիկանությունը հետիոտներին հորդորում է լինել կարգապահ
Հետիոտնը ճանապարհային երթևեկության լիիրավ մասնակիցն է և նույնքան պատասխանատու է երթևեկության անվտանգության համար, որքան մյուս մասնակիցները: Ցավոք, այս իրողությունը միշտ չէ, որ հասու է լինում մեր որոշ համաքաղաքացիների, որոնք երթևեկության կանոնների կոպիտ խախտումներով վտանգում են ոչ միայն մյուսների, այլև իրենց կյանքն ու առողջությունը:
Ոստիկանությունը, կանխարգելիչ միջոցառումներից զատ, բազմիցս դիմել է հետիոտներին` հորդորելով զերծ մնալ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումից:
Չնայած ձեռնարկված միջոցներին` ստիպված ենք փաստել, որ ոչ բոլորն են ընդունակ տարրական կարգապահության, ոչ միշտ են ականջալուր բանականության ձայնին, ինչի վկայությունն է այն, որ վրաերթերի զգալի մասը տեղի է ունենում հետիոտնի անկարգապահության ու քմահաճության հետևանքով:
Հարգելի հետիոտնե՛ր, ոստիկանությունը կրկին կոչ է անում ու հորդորում` պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները, փողոցները հատեք բացառապես գետնուղիներով կամ նախատեսված անցուղիներով, լուսակրի թույլատրող նշանի առկայությամբ, մի՛ անտեսեք ճանապարհային ոստիկանի հրահանգները, հարգե՛ք երթևեկության մյուս մասնակիցների իրավունքներն ու, ընդհանրապես, համակեցության կանոնները:
Հիշե՛ք. օրինապահությունը ոչ միայն ճանապարհային անվտանգության ապահովման, այլև ձեր կյանքի և առողջության պահպանման կարևորագույն գրավականն է:
Իսկ այն հետիոտները, որոնք կշարունակեն չարամտորեն խախտել երթևեկության կանոնները, կպատժվեն օրենսդրությամբ սահմանված կարգով և ողջ խստությամբ` հանուն իրենց իսկ ապահովության:
 ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը