Լրահոս

11.06.2012 19:13


«Սարդարապատ» շարժման հայտարարությունը

«Սարդարապատ» շարժման հայտարարությունը

Ինչպես և կանխատեսում ու զգուշացնում էինք, միջազգային քաղաքական որոշ  կենտրոնների կողմից Հայաստանում զանգվածային ընտրակեղծիքներին ցինիկաբար հավանություն տալը նշանակում էր, որ նույն կենտրոնները շատ շուտով համապատասխան փոխհատուցում են պահանջելու Երևանում վերարտադրված վարչախմբից` քաղաքական զիջումների տեսքով: Կեղծված ընտրություններից հետո բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից շտապեցին հայտարարել հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ «նոր մոտեցումների» ցանկալիության, անհրաժեշտության և անխուսափելիության մասին՝ ակնարկելով նաև այդ մոտեցումների «նորարարության» բովանդակությունը, այն է՝ մեկ-երկու ազատագրված շրջանների հանձնումը Ադրբեջանին: Այսինքն՝ ռուս-ամերիկա-եվրոպական դիվանագիտական ողջ խորիմաստությունն ու նորամուծությունը սահմանափակվում է դեռևս չարաբաստիկ «ֆուտբոլային դիվանագիտության» օրերին հնչած հին թուրքական վերջնագրերի կրկնությամբ: Երևի, սույն պահանջներն առավել համոզիչ դարձնելու նպատակով, հետայսու բարձրաստիճան միջազգային միջնորդների նախաձեռնությունները զուգորդվում են բառի բուն իմաստով «մահաբեր դիվանագիտությամբ», երբ տարածաշրջան կատարվող պաշտոնական յուրաքանչյուր այց բերում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայքով լարվածության կտրուկ աճի և մարդկային զոհերի:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը խիստ դատապարտում է հայ ժողովրդի կենսական շահերի, արժանապատվության ու պատմական տարածքի հաշվին պատրաստվող ցանկացած գործարքի փորձ և հայտարարում է, որ հայ ժողովուրդը թույլ չի տալու այդպիսի դավադրությունների իրականացում:

Նմանօրինակ հակահայկական նախագծերը առաջանում են սոսկ Հայաստանում իշխող վարչախմբի ապիկարության, անսկզբունքայնության ու թուլության հետևանքով: Մինչդեռ Ցեղասպանության ու հայրենազրկման դժոխքային պատմություն ունեցող հայ ժողովուրդն իր արտաքին պետական քաղաքականությունը պետք է կառուցի Ցեղասպանության բազմաթիվ հետևանքների վերացման սկզբունքի հիման վրա:

Հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղի ունեցած հերթական բախումները ապացուցում են որևէ տարածքային զիջման անթույլտրելիությունն ու նման պահանջների հեղինակների հանցավոր նպատակները:

Եթե առկա «ստատուս քվոյի» և համեմատաբար պաշտպանված սահմանային գծի պայմաններում հնարավոր են հայկական խաղաղ բնակավայրերի պարբերական ռմբակոծումներ և դիվերսիոն խմբերի հարձակումներ, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի կործանարար հետևանքներ կունենա շփման գծի ընդլայնումը որևէ տարածքային հետնահանջի դեպքում:

Ո՛չ մի թիզ հայրենի հողից ենթակա չէ սակարկումների: Առճակատումը իբր կանխելու պատրվակով՝  ո՛չ մի օտարեկրյա զինվորի ոտքը չպետք է տրորի հայրենի տարածքը: Կեղծ պայմանագրերի ու խոստումների ողջ քանակը չարժե հայ զինվորի արյան մեկ կաթիլը:

Այս խորագրի վերջին նյութերը