Լրահոս

11.06.2012 15:12


Խուլիգանություն՝ զուգորդված դանակահարությամբ

Խուլիգանություն՝ զուգորդված դանակահարությամբ
Հունիսի 8-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Արարատի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գոտկային մասում ստացած ծակած-պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Մկրտիչ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Մկրտիչ Հ.-ն վնասվածքը ստացել է հունիսի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, տուն գնալիս  իրենց շենքին հարակից քանդված մանկապարտեզի մոտ գլխապտույտ ունենալու հետևանքով հավասարակշռությունը կորցնելու և քարակույտերի վրա ընկնելու հետևանքով:
Հունիսի 9-ին,  ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հունիսի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի քաղաքապետարանի մոտ Մկրտիչ Հ.-ն վիճաբանել է 1985 թ. ծնված Կարապետ Հ.-ի հետ, նրանք մոտ տասը րոպե  հայհոյանքներ են տվել և հարվածներ հասցրել միմյանց, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ՝ այդ ընթացքում Կարապետ Հ.-ն դանակով հարվածել է Մկրտիչ Հ.-ի գոտկային մասին, ապա նույն դանակով անզգուշաբար հարվածել է նաև նշված վայրում գտնվող և կանխելու նպատակով վիճաբանությանը միջամտած 1989 թ. ծնված Ռոման Գ.-ի ձախ նախաբազկին և պատճառել վնասվածք: Ռոման Գ.-ն հունիսի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում բուժօգնության էր դիմել Արարատի հիվանդանոց և  մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի երկաթգծի մոտ գտնվող փշալարերի վրա ընկնելու հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարապետ Հ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը