Տնտեսական

11.06.2012 14:34


ՏՄՊՊՀ–ն շաքարավազի գնի թանկացում արձանագրել է, բայց գերիշխող դիրքի չարաշահման հիմքեր դեռևս չի տեսնում

ՏՄՊՊՀ–ն շաքարավազի գնի թանկացում արձանագրել է, բայց գերիշխող դիրքի չարաշահման հիմքեր դեռևս չի տեսնում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս օրերին  շաքարավազի շուկայի ուսումնասիրություն է իրականացնում և հայտնաբերել է գնային տատանումներ։ Այս մասին «7օր»–ին ասել է ՏՄՊՊՀ–ի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը՝ ընդգծելով, որ շաքարավազի շուկայի հետ կապված հանձնաժողովում այժմ վարույթ չկա. պարզապես ուսումնասիրություններ են ընթանում ինչպես այդ, այնպես և առաջնային մյուս այլ շուկաներում։

–Կոնկրետ շաքարավազի հետ կապված՝ նշեմ, որ հունիսի 8–ին իրականացված մոնիթորինգով պարզվել է՝ օրինակ «Երևան սիթի» խանութում մայիսի 20–ի դրությամբ շաքարավազի 1 կգ–ն եղել է 415 դրամ, մայիսի 30–ին դարձել է 412 դրամ, այնուհետև՝ 410, իսկ հետո՝ 414 և 418 դրամ։ Այսինքն՝ միջինը 4–5 դրամի տատանողական փոփոխություններ են նկատվում,–ասել է Գ. Սահակյանը։  

Հանձնաժողովը 4–5 դրամի տատանումներ է արձանագրել ոչ միայն շաքարավազի, այլ նաև շատ այլ ապրանքատեսակների, մասնավորապես բրնձի, հնդկաձավարի, ոսպի գների մեջ։ Այսինքն՝ բարձարացում նկատվում է մայիսի սկզբից մինչև հունիս ներկրում իրականացնող մյուս ընկերությունների ապրանքատեսակների մեջ ևս։

–Դա այս պահի դրությամբ միանշանակ կապված է տարադրամի փոխարժեքի հետ, որի դեպքում ևս տատանումներ գրանցվեցին, ինչը, բնականաբար, պետք է որոշակի ազդեցություն թողներ։ Այս պահին էլ հանձնաժողովն ամենայն ուշադրությամբ վերահսկում է հատկապես առաջնային կարևորություն ներկայացնող շուկաները, այդ թվում նաև շաքարավազը։ Հանձնաժողովի վերլուծական խումբը հետևում է ոչ միայն գներին, այլ նաև և՛ տարամադրամի փոխարժեքին, և՛ միջազգային շուկային և շատ–շատ այլ տարբեր գործոներին, որոնք կարող են անդրադառնալ այս կամ այն ապրանքի գնագոյացման վրա։ Համենայնդեպս, կանխատեսելի էր հանձնաժողովի համար, որ որոշ ապրանքատեսակներում հնարավոր է մինչև 10 դրամի թանկացում,–ասել է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը։

«7օր»–ի հարցին, թե տվյալ ապրանքատեսակների գներն ինչքա՞ն պետք է բարձրանան, որ հանձնաժողովի համար վարույթ հարուցելու հիմք դառնան, նա պատասխանել է.

–Հարցն այստեղ ոչ թե ինչքան բարձրանալն է, այլ՝ թե ինքանով է օբյեկտիվ գործոններով դա պայմանավորված։ Եթե վաղը, ենթադրենք, դոլարի փոխարժեքը դառնա 450, բնականաբար՝ կանխատեսելի կլինի, որ բրինձը կամ շաքարավազը կթանկանան։ Մեր վարքագիծը պայմանավորված է զուտ օբյեկտիվ գործոններով։ Ես չեմ կարող այդպես ասել, որ եթե շաքարավազը, ենթադրենք, դառնա 425 կամ 430 դրամ, մենք անպայման վարույթ կհարուցենք։ Ո՛չ։ Մենք վարույթ կհարուցենք այն դեպքում, եթե մեր ուսումնասիրություններով կպարզվի, որ այդտեղ կան գնային անհիմն բարձրացումներ կամ ոչ օբյեկտիվ գործոններով պայմանավորված ինչ–ինչ փոփոխություններ։ Առայժմ որևէ հիմք չունենք ընկերությանը մեղադրելու գերիշխող դիրքի չարաշահման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը