Լրահոս

11.06.2012 12:56


«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի Ռազմական խորհրդի նամակը Սեյրան Օհանյանին

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի Ռազմական խորհրդի նամակը Սեյրան Օհանյանին

«Ադրբեջանի իշխանությունների կողմից անընդհատ հնչել են սպառնալիքներ ու մարտակոչեր, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ազատագրված տարածքների համարյա բոլոր հատվածներում ամեն օր հնչել են կրակոցներ, ու իրականացվել են տարբեր բնույթի սադրիչ գործողություններ:

Չնայած Հայաստանի և Արցախի զինված ուժերը միշտ գտնվել են իրենց բարձրության վրա ու այդ գործողություններին միշտ արժանի հակահարված են տվել, սակայն նվազելու և դադարելու փոխարեն դրանք դարձել են ավելի մասշտաբային, ավելի սանձարձակ:

Այսօր արդեն ադրբեջանական արկածախնդիր իշխանությունները ի լուր աշխարհի հայտարարում են, որ հաստատված «ստատուս քվոն» անընդունելի է և այն պիտի վերացնեն:

Որպես իրենց այդ նպատակի հաստատում՝ Ադրբեջանական զինված խմբավորումներն ու զինված ուժերը արդեն սադրանքների դիմում ոչ միայն Ազատագրված տարածքներում, այլև սկսել են զինված խմբերով սահմանախախտման փորձեր ու այլ մարտական գործողություններ իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում: Այդ սադրիչ գործողությունների հետևանքով զոհվում ու վիրավորվում են բանակում ծառայող մեր երեխաները:

Զինադադարից հետո ընկած ողջ ժամանակահատվածում Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ձևերով փորձել են խափանել զինադադարը կայուն խաղաղության վերածելու Հայաստանի, Արցախի և միջազգային հանրության ջանքերը: Մենք` «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ազատամարտիկներս, խիստ մտահոգված ենք Հայաստանի և Արցախի սահմաններում ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ու զինված խմբավորումների ակտիվացմամբ և կարծում ենք, որ առանց ադրբեջանական արկածախնդիրներին լրջորեն պատժելու, մեր սահմանամերձ գոտիների խաղաղությունը և բանակում ծառայող մեր երիտասարդների անվտանգությունը հնարավոր չի լինի ապահովել…

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը ժամանակին անցել է Արցախյան ազատամարտի բոլոր ճանապարհներով, անցել հաղթելով և ապացուցելով հայ ոգու անպարտությունն ու հզորությունը, անցել է՝ ապացուցելով, որ արժանի հետնորդն է այն փառավոր նախնու, ում անունն է կրում:

Եվ այսօր, Գունդը հավատարիմ իր երդմանն ու հռչակագրին, համարում է, որ այս պահին իր տեղը պետք է լինի Հայոց Բանակի զինվորի կողքին, որ այս պահին իր ոգին ու փորձը անհրաժեշտ են բանակում ծառայող երիտասարդ Հայ զինվորին ու սահմանամերձ գյուղում ապրող հայ գյուղացուն: Դրա համար, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը հայտարարում է կամավորականների հավաք իր մարտական կարգերը վերականգնելու, լրացնելու և Հայոց Բանակի առաջամարտիկների կողքին կանգնելու համար:

Եթե Ադրբեջանում համարում են, որ «ստատուս քվոն» անընդունելի է և պետք է փոխել, ապա մենք պատրաստ ենք այն փոխել: Փոխել այնպես, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերը այլևս սահմանամերձ չհամարվեն, կորուսյալ Շահումյանը վերադարձվի շահումյանցուն և իրականում արդարությունը վերականգնվի:

Պարոն Նախարար. Որպեսզի մեր գործողությունները լինեն նպատակային ու արդյունավետ, չկրեն անջատ բնույթ և ստեղծեն ավելորդ լարվածություն, խնդրում ենք, • ՀՀ սահմանային գոտիներում մեզ հատկացնել տեղաբաշխման համապատասխան տարածքներ, • այդ տարածքներում տեղաբաշխված ստորաբաժանումների հետ ներդաշնակ համագործակցության համար տալ անրաժեշտ հրահանգներ»:

Այս խորագրի վերջին նյութերը