Աշխարհ

11.06.2012 12:19


Արցախի խորհրդարանը միջազգային հանրությունից պահանջում է ճանաչել ԼՂՀ անկախությունը

Արցախի խորհրդարանը միջազգային հանրությունից պահանջում է ճանաչել ԼՂՀ անկախությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի  «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները և «Արցախատուն» պատգամավորական խումբը ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների կապակցությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող լարվածությունը գնալով ավելի է սրվում: Հակառակորդը դիվերսիոն գործողություններ է ձեռնարկում նույնիսկ խաղաղ բնակչության հանդեպ: Եվ այդ ամենը իրականացնում է մի երկիր, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ:

Խստորեն դատապարտելով Հայաստանի և Արցախի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ և սադրիչ գործողությունները` մենք հայտարարում ենք.

- Ադրբեջանի ձեռնարկած ռազմական սադրանքները հետապնդում են բանակցային գործընթացը ձախողելու և տարածաշրջանային անկայունություն հրահրելու նպատակ,

- միջազգային հանրությունը պետք է անհապաղ դիմի կանխարգելիչ քայլերի` զսպելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը,

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը վճռական է` պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը և զորացնելու իր անկախ ու ինքնիշխան պետությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը