Լրահոս

11.06.2012 11:32


Բաց նամակ. «Եվրոպահայությունը դատապարտում է Ադրբեջանի հանցավոր գործողությունները »

Բաց նամակ. «Եվրոպահայությունը դատապարտում է Ադրբեջանի հանցավոր գործողությունները »
Բաց նամակ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին և Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյին
«Հարգարժան պարոն Մարտին Շուլց և պարոն Հերման Վան Ռոմպեյ,
Հայ-լեհական հասարակական կոմիտեի և լեհահայության անունից մեր խորին մտահոգությունն ենք հայտնում և պահանջում Ձեր հստակ դիրքորոշումը ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հրադադարի ռեժիմի պարբերական խախտման դեպքերի կապակցությամբ: Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ Տավուշի մարզի և Արցախի հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը: Ադրբեջանական կողմը կրակ է բացել Չինարի, Ոսկեպար, Ճամբարակ, Հորադիզ, Ֆիզուլի բնակավայրերի ուղղությամբ, իսկ հետախուզական-խափանարար խմբերը փորձել են թափանցել սահմանային դիրքերը, ինչպես նաև հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարքեր: 
Հայկական մարտունակ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ադրբեջանական բանակի հետախուզադիվերսիոն գործողությունների բոլոր փորձերը կանխվել են և հակառակորդը, մեծ կորուստներ տալով, ետ է շպրտվել: Ցավոք ալիևյան կլանի այս արկածախնդրությունը և հանցագործությունը խլեց մեր 3 հերոս զինվորների կյանքերը, տվեց 6 վիրավորներ, խաթարեց տեղի բնակչության խաղաղ առօրյան: Ադրբեջանի սադրիչ գործողությունները բացահայտ կերպով խաթարում են տարածաշրջանի կայունությունը, ինչը հակասում է ԵՄ-ի որդեգրած քաղաքականությանը` հակամարտությունները կարգավորել ուժի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման պայմաններում:
Եվրոպահայությունը դատապարտում է Ադրբեջանի հանցավոր գործողությունները և կոչ անում ԵՄ-ը, միջազգային հանրությանը սթափվել և սանկցիաներ կիրառել` Ադրբեջանի պատերազմական սպառնալիքներն ու ցինիզմը կասեցնելու: Բաքվի սադրիչ, ապակայունացնող գործողությունները մարտահրավեր են ամբոողջ քաղաքակիրթ աշխարհին, ինչը միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի սպառազինությունների վրա մեծ ծախսերը, ռազմատենչ հայտարարությունները և հանցավոր գործողությունները անպատժելի թողնելու հետևանք է: 
Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ` Հրաչյա Բոյաջյան»։ 

Այս խորագրի վերջին նյութերը