Լրահոս

28.05.2009 16:59


Իլհամ Ալիև. «Ադրբեջանական պետությունը և ադրբեջանական ժողովուրդը երբեք թույլ չեն տա, որ ադրբեջանական հողի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետություն»

Իլհամ Ալիև. «Ադրբեջանական պետությունը և ադրբեջանական ժողովուրդը երբեք թույլ չեն տա, որ ադրբեջանական հողի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետություն»

«Այսօր բանակցությունների սեղանին Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքների վերադարձի հարցն է, բոլոր տեղահանվածներին հարազատ օջախներ վերադարձնելու հարցը: Բանակցային սեղանին չկա և չի կարող լինել Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատման մեխանիզմ»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ցավոք, չնայած բոլոր ջանքերին, մենք չկարողացանք հասնել հիմնախնդրի լուծմանը: Դրա պատճառը մեկն է՝ Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը և բանակցային գործընթացի արհեստական ձգձգման նրա մարտավարությունը»,- Հանրապետության օրվա կապակցությամբ իր ելույթում ասել է Ալիևը՝ հավելելով.
«Մի շարք դեպքերում հայկական կողմը փորձում է ներկայացնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը տարածքային ամբողջականության սկզբունքի հետ հավասար նույն մակարդակի վրա: Սակայն դա կարող է ընդունվել միայն նրանց կողմից, ովքեր ծանոթ չեն տվյալ հարցին, չեն զբաղվում քաղաքականությամբ: Միջազգային հանրությունը մերժում է նման մոտեցումը: Բավական է ուշադիր կարդալ 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտը՝ այնտեղ ամեն ինչ նշված է: Տարածքային ամբողջականության սկզբունքները հիմնականն են: Ժողովուրդների ինքնորոշման հարցը չպետք է խախտի տարածքային ամբողջականությունը, հակասի տարածքային ամբողջականության սկզբունքին։ Բացի այդ, Հայաստանն արդեն անկախ պետություն է, և հայ ժողովուրդը մեկ անգամ արդեն ինքնորոշվել է: Ադրբեջանական պետությունը և ադրբեջանական ժողովուրդը երբեք թույլ չեն տա, որ ադրբեջանական հողի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետություն։ Ո՛չ այսօր, ո՛չ 10, ո՛չ 100 տարի անց Լեռնային Ղարաբաղը չի լինելու անկախ պետություն։ Ադրբեջանի դիրքորոշումը միանշանակ է: Չնայած բոլոր ճնշումներին՝ մենք պետք է պաշտպանենք այդ դիրքորոշումը մինչև վերջ։ Մենք մեծացնելու ենք մեր պաշտպանական հզորությունը: Այդ նպատակների համար կտրամադրվեն այնքան միջոցներ, որքան անհրաժեշտ են: Այսօր Ադրբեջանի աճող տնտեսական հզորությունը մեզ թույլ է տալիս ծախսել բանակային շինարարության վրա 2 միլիարդ դոլար: Այդ թիվը հավասար է Հայաստանի ամբողջ բյուջեին»:

Իլհամ Ալիևը նաև ասել է.

«Առաջիկա տարիներին մեծ անդունդը, որը այսօր առկա է Հայաստանի և Ադրբեջանի միջև, է՛լ ավելի կխորանա, կընդլայնվի, Ադրբեջանը կվերածվի ավելի հզոր պետության: Հայաստանն իր զավթիչ քաղաքականության պատճառով պետք է մնա և կմնա մեկուսացված բոլոր միջազգային նախագծերից: Մենք շարունակելու ենք բոլոր տարածաշրջանային և գլոբալ նախագծերից Հայաստանի մեկուսացմանը ուղղված մեր քաղաքականությունը, քանի դեռ մեր հողերը ազատագրված չեն»։

Այս խորագրի վերջին նյութերը