Քաղաքական

08.06.2012 17:45


Ուրիխանյան. «Ինչ-որ հետապնդումների հոտ է գալիս»։ ԲՀԿ-ական համայնքապետը «կալանքի տակ է»

Ուրիխանյան. «Ինչ-որ  հետապնդումների հոտ է գալիս»։ ԲՀԿ-ական համայնքապետը «կալանքի տակ է»

Կոտայքի մարզի Արամուս համայնքի ԲՀԿ-ական համայնքապետ Հրայր Նիկողոսյանը և համայնքապետարանի աշխատակիցները «կալանքի տակ են» հենց գյուղապետարանի շենքում: Այդ մասին «Aravot.am»-ին ահազանգել է ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը:

«Մեզ համար անհասկանալի գործողություններ են իրականացվում, քանի որ փորձում ենք պարզաբանել, թե ի՞նչ է տեղի ունենում, և ոստիկաններն անբարյացակամորեն մեզ թույլ չտվեցին ծանոթանալ իրավիճակին, նույնիսկ չթողեցին մուտք գործել շենքի տարածք՝ պատճառաբանելով, թե քննչական մարմիններն ինչ-որ գործողություններ են իրականացնում՝ ստուգումնե՞ր, թե՞ ինչ»,- ասել է Տիգրան Ուրիխանյանը:

Նա նաև հավելել է, որ այս ամենը համընկել է գյուղապետի համար ողբերգական իրադարձության՝ ծնողի քառասունքի արարողության հետ: Հրայր Նիկողոսյանը վերջերս նաև ծանր վիրահատություն է տարել՝ սրտի ստենդավորում, և նրան անգամ թույլ չի տրվում դուրս գալ, անհրաժեշտ դեղորայք վերցնել, աշխատակիցներին են խնդրել, որ բերեն:

«Ինչ-որ  հետապնդումների հոտ է գալիս»,-ասել է Ուրիխանյանը՝ հավելելով, որ ոստիկանները անբարյացակամորեն մերժել են տեղեկատվություն տրամադրել նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավարին՝ Էլինար Վարդանյանին: Իսկ ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնի ղեկավարը, Ուրիխանյանի հետ հեռախոսազրույցում, խնդրանքին՝ պարզաբանել, թե ի՞նչ է տեղի ունենում, ասել է, որ քննչական մարմիններն իրավունք ունեն գործել սեփական հայեցողությամբ:

«Այդ ի՞նչ մի լուրջ և ծայրահեղ գաղտնիք կա, որ ԱԺ պատգամավորներից թաքցնում են իրողությունը և ընթացակարգը»,–վրդովվել է Ուրիխանյանը:

Նա նաև հավելել է, որ իրենք այնպես, ինչպես պաշտպանելու են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահը, այս դեպքում էլ պաշտպանելու են սեփական կուսակցի, համայնքի ղեկավարի և համայնքի շահը: 

Այս խորագրի վերջին նյութերը