Լրահոս

08.06.2012 16:25


Պարզաբանում ՊԵԿ–ից

Պարզաբանում ՊԵԿ–ից

Այսօր վաղ առավոտյան որոշ լրատվամիջոցներ «Ծանր իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում. 12 ժամ սոված մնացած մարդիկ պետք է ևս 1 օր սպասեն» վերնագրված հոդվածում անդրադարձել են երեկ Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակին` կանխակալ վերաբերմունք ցուցաբերելով տեղի ունեցած դեպքերին: Իսկ տեղի է ունեցել հետևյալը. երեկ կեսօրին Թուրքիայից վերադարձող «զբոսաշրջիկներով» միանգամից հինգ ավտոբուս մոտեցել է Բագրատաշենի մաքսակետին: Նախքան առաջին ավտոբուսի զննումը, «զբոսաշրջիկները» շուրջ 4-5 ժամ քննարկել և չեն կարողացել կողմնորոշվել` մաքսային ձևակերպումները կատարել Բագրատաշենի մաքսակետու՞մ, թե՞ Երևան հասնելուց հետո: Այդ ընթացքում մաքսատան աշխատակիցները, որոնք, ի դեպ, իրենց գործողություններում առաջնորդվել են բացառապես մաքսային ծառայողի էթիկայի կանոններին համապատասխան, արտահերթ սպասարկել են բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրականում եղել են զբոսաշրջիկներ և չեն ունեցել առևտրային քանակության բեռներ (ԱՄՆ հայազգի քաղաքացիներ, տարեցներ և երեխաներ): Սահմանը հատող մյուս «զբոսաշրջիկների» «ուղեբեռների» զննության ժամանակ ոմանք, ովքեր հասցրել էին այդ ընթացքում ժամանակն իզուր չվատնել և ոգելից խմիչք էին օգտագործել, սկսել են խոչընդոտել մաքսային ծառայողների աշխատանքը` չենթարկվելով նրանց օրինական պահանջներին և դրսևորելով ակնհայտ ագրեսիվ պահվածք: Այդ առումով, հատկապես աչքի են ընկել քաղաքացիներ Կարեն Կիրակոսյանը, Կամո Շահբազյանը, Էդմոնդ Հակոբյանը, ովքեր փորձել են  իրենց բեռները տեղափոխել` առանց մաքսային ձևակերպումների` այդպիսով խուսափելով սահմանված չափը զգալիորեն գերազանցող ապրանքների համար վճարում կատարելուց, ինչը բնականաբար չէր կարող թույլատրվել մաքսային ծառայության աշխատակիցների կողմից: Ավելորդ չենք համարում նշել, որ մեկ ավտոբուսի զննումը զբաղեցրել է շուրջ երկու ժամ: Այսօր վաղ առավոտյան հունիսի 7-ի կեսօրին մաքսակետ ժամանած 5 ավտոբուսներից վերջինն արդեն ճանապարհ էր ընկել Բագրատաշենի մաքսակետից:

Որպես ամփոփում ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ՀՀ Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն, ֆիզիկական անձինք կարող են 180 օրը մեկ անգամ, առանց մաքսատուրք վճարելու, որպես ուղեկցող բեռ տեղափոխել ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50կգ-ը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 000 դրամը: ՊԵԿ-ը տեղեկացնում է որպես զբոսաշրջիկ ներկայացող այն քաղաքացիներին, ովքեր իրականում առևտրային գործունեություն են իրականացնում` առնվազն ամիսը մեկ անգամ փորձելով օգտվել վերոհիշյալ արտոնությունից, որ այսուհետ ևս հետևողական է լինելու մաքսային օրենսդրության այդ պահանջի կատարման հարցում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը