Լրահոս

07.06.2012 22:39


Սերժ Սարգսյան. «Մեր երկրում առանձնահատուկ հարգանք ունեն Ճապոնիայի նկատմամբ»

Սերժ Սարգսյան. «Մեր երկրում առանձնահատուկ հարգանք ունեն Ճապոնիայի նկատմամբ»

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Սերժ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի տնտեսության առաջնահերթությունները, ներդրումային միջավայրն ու հեռանկարային ծրագրերը: Նախագահը հրավիրել է Ճապոնիայի գործարարներին Հայաստանում փոխշահավետ համագործակցություն իրականացնել հայ գործընկերների հետ, ներդրումներ կատարել հայաստանյան տնտեսության մեջ:

Զրուցակիցները քննարկել են էլեկտրատեխնիկայի, բարձր տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, մեքենաշինության, թեթև արդյունաբերության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Կողմերը կարևորել են Հայաստանի մասին անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրման հնարավորությունների ընդլայնումը, որի ուղղությամբ Ճապոնիայում վերջերս բացված ՀՀ դեսպանությունը ևս ակտիվ աշխատանք է սկսել:    

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև Տոկիոյի Սոկա համալսարան, հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Համալսարանի ուսանողները ուսխորհրդի անունից Հայաստանի Հանրապետության նախագահին են հանձնել «Ժողովուրդների բարեկամության» պատվոգիրը, իսկ Տոկիոյի Սոկա համալսարանի ռեկտորը Սերժ Սարգսյանին շնորհել է համալսարանի պատվավոր դոկտորի գիտական աստիճան՝ Նախագահին հանձնելով ոսկե մեդալը և բաճկոնին ամրացնելով համալսարանի կրծքանշանը: Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Տոկիոյի Սոկա համալսարանում՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նման պատվի արժանացնելու համար:  (Ելույթը ներկայացվում է ստորև):  

Օրվա ավարտին Սերժ Սարգսյանն ընթրիք է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի Ճապոնիա-Հայաստան բարեկամության պատգամավորական լիգայի անդամների հետ:

Ավարտելով այցը Ճապոնիա՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

 

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Տոկիոյի Սոկա համալսարանում

 

Ուրախ եմ Ձեզ՝ ուսանողներիդ և դասախոսներիդ հետ հանդիպման համար և երախտապարտ եմ Սոկա համալսարանին ինձ պատվավոր դոկտորի աստիճան շնորհելու համար:

Նախ ցանկանում եմ ողջ հայ ժողովրդի անունից խորին ցավակցություն հայտնել անցյալ տարի տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի ողբերգալի հետևանքների կապակցությամբ: Հայաստանը 25 տարի առաջ անցել է այդ աղետի ողջ սարսափի միջով, և մենք հասկանում ու կիսում ենք ճապոնացի ժողովրդի վիշտն ու ցավը: Ճապոնիան այն ժամանակ առաջիններից մեկը օգնության հասավ՝ ցուցաբերելով ծայրահեղորեն անհրաժեշտ հումանիտար օգնություն, իսկ անցյալ տարի Հայաստանը Ճապոնիայի համար դժվարին պահին արձագանքեց դժբախտությանը՝ մասնակցելով այդ աղետի հետևանքների վերացմանը: Անցնելով երկրաշարժից տուժած թաղամասերի վերականգնման դժվարին փուլերով՝ մենք, ավելի լավ, քան որևէ մեկը, հասկանում ենք աշխատանքի այն հսկայական ծավալը, որը պետք է իրականացնի ձեր կառավարությունը:

Մենք տպավորված ենք Ճապոնիայի ժողովրդի կողմից աղետի հետևանքները հաղթահարելու արդյունավետությամբ: Կասկած չունենք, որ Ճապոնիան ոչ միայն կհաղթահարի բոլոր խնդիրները, այլև այս փորձությունից դուրս կգա ավելի կոփված:

Հայաստանը, որը Ճապոնիայի նման ունի հին պատմություն և մշակութային հարուստ ժառանգություն, դարերի ընթացքում զրկված է եղել պետականությունից: 20 տարի առաջ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, մենք անկախություն հռչա­կեցինք, և Ճապոնիան առաջին երկրներից մեկն էր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք: Այս 20 տարիների ընթացքում մենք զգացել ենք Ճապոնիայի կառավարության և ժողովրդի բարեկամական աջակցությունը. ձեր երկիրն անհատույց օգնում էր մեզ հաղթահարել անցումային շրջանի սոցիալ-տնտեսական դժվարությունները: Ժամանակին այդպիսի օժանդակություն է ցուցաբերվել «Զարգացմանը պաշտոնական աջակցության» շրջանակներում, որի շնորհիվ տնտեսության, մշակույթի և շատ այլ ոլորտներում իրականացվեցին նպատակային նախագծեր:

Մեր երկրում առանձնահատուկ հարգանք ունեն Ճապոնիայի նկատմամբ, որի ժողովուրդը հազարամյակների ընթացքում հոգատարությամբ պահպանում է ոչ միայն իր մշակութային հարուստ ժառանգությունն ու ավանդույթները, այլև ակտիվորեն մասնակցում համաշխարհային մշակութային ժառանգության պահպանմանը:

Ձեր երկիրը մեզ համար օրինակ է այնպիսի պետության, որը, կրթության, գիտության և մշակույթի առաջնահերթությունների ճիշտ ընտրված զարգացման ռազմավարության շնորհիվ, հասել է հսկայական հաջողությունների՝ արժանի տեղ զբաղեցնելով աշխարհի առաջնորդ պետությունների շարքում:

Հայ-ճապոնական հարաբերությունները չեն սահմանափակվում վերջին 20 տարիների ժամանակահատվածով: Դեռևս Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայ վարպետների արտադրանքն ու ապրանքները հայտնի էին ճապոնական շուկաներում: Արդեն 17-18-րդ դարերում հայկական նավերը Իրանից և Հնդկաստանից հասնում էին Ասիայի արևելյան նավահանգիստներ:  Նաև հայտնի է, որ 19-րդ դարի կեսերին Կալկաթայից սերող Աբգարի հայ ընտանիքին պատկանող առևտրային նավատորմի նավերը պարբերաբար երթեր էին իրականացնում Կալկաթայի և ճապոնական Յոկոգամա, Կոբե, Նագասակի նավահանգիստների, ինչպես նաև Սինգապուրի և Հոնգկոնգի նավահանգիստների միջև: 19-20-րդ դարերի սահմանագծում Ճապոնիայի տարբեր քաղաքներում Աբգար, Փափազյան, Աղաբեկյան տոհմերի հայ արդյունաբերողները հիմնել են իրենց ընկերությունները: Տիկին Դիանա Աբգարը՝ Աղաբեկյան տոհմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, 1918թ. Հայաստանի անկախության հռչակումից հետո դարձավ Ճապոնիայում Հայաստանի առաջին պատվավոր հյուպատոսը:      

Կարելի է երկար թվարկել հայ-ճապոնական պատմական կապերի հիշարժան իրադարձությունները, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ մեր ժամանակակից համագործակցությունը դառնում է ավելի բազմակողմանի` ընդգրկելով այնպիսի ոլորտներ,   որոնցից է, օրինակ, ճարտարապետությունը: Մենք հետաքրքրությամբ սպասում ենք Երևանի կենտրոնում նոր ճարտարապետական համալիրի կառուցմանը, որի հեղինակն է միջազգային մրցույթում հաղթած հայտնի ճապոնացի ճարտարապետ Արաին:

Հայաստանը միշտ հետաքրքրված է եղել ճապոնական հարստագույն մշակույթով` դարավոր ավանդույթներով արվեստի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են գեղանկարչությունը, ճարտարապետությունը և գրականությունը, որոնց հետ ծանոթացմանը զգալիորեն նպաստում են նախորդ դարի 90-ական թվականներից Հայաստանում գործող ճապոներեն լեզվի, գրականության և արվեստի ուսումնասիրության կենտրոնները, ինչպես նաև համալսարաններում  ճապոնագիտության բաժինները: Ավելանում է նաև հայ երիտասարդության շրջանում հանրահայտ ճապոնական  մարտարվեստի սպորտային սեկցիաների քանակը:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին ընդառաջ Հայաստանում և Ճապոնիայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Այս հոբելյանի նշումը մեր ժողովուրդների համար միմյանց լավ ճանաչելու գերազանց հնարավորություն է: Այս տարի Հայաստանի մայրաքաղաք Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, մենք տոնում ենք հայ գրատպության 500-ամյակը: Հաճույքով հրավիրում եմ ձեզ բոլորիդ այցելել Հայաստան: Համոզված եմ, որ հետաքրքիր և հիշարժան ուղևորություն կլինի:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սոկա համալսարանին՝ ցուցաբերած պատվի համար և հույս ունեմ, որ կրթության և մշակույթի ոլորտներում մեր կապերն այսուհետ ևս կզարգանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների ապագայի:

Շնորհակալություն ուշադրության համար:

 

Այս խորագրի վերջին նյութերը