Լրահոս

28.05.2009 14:39


Բնակչության քանի՞ տոկոսը կմասնակցի ընտրություններին

«Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը մայիսի 31-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին «Դե ֆակտո» մամուլի ակումբում հրապարակել է Երևանի ընտրողների դիրքորոշումները առաջին ավագանու ընտրությունների վերաբերյալ։ Ա. Ադիբեկյանի հավաստմամբ՝ հարցումն անցկացվել է 3 փուլով՝ 2009թ. ապրիլ-մայիս ամիսներին, հարցմանը մասնակցել է 5500 հոգի։

-25%-ը չի հետաքրքրվում ընտրություններով ու չի մասնկացելու։ Մնացածից, ովքեր հետաքրքրվում են, ևս 4%-ը միտումնավոր չի գնա ընտրություններին։ 29%-ը հաստատ գնալու է ընտրություններին և ասում է, թե ում է ընտրելու։ Եվս 29%-ը չի որոշել՝ գնալո՞ւ է  ընտրություններին և եթե մասնակցի, ո՞ւմ է ընտրելու։ 17%-ը մասնակցելու է ընտրություններին և չի ասում, թե ում է ընտրելու։ Իսկ մնացած 3%-ը, հնարավոր է, մասնակցի ընտրություններին և ինչ-որ մեկին տա իր ձայնը,- հայտարարել է Ահարոն Ադիբեկյանը։

Մայիսի 25-ից «7օր»–ը «Մասնակցելու՞ եք Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը» թեմայով քվեարկություն է անցկացրել իր այցելուների շրջանում։ Ըստ այդ հարցման արդյունքների՝ մասնակիցների 81%–ը հաստատել է քվեարկությանը մասնակցելու իր ցանկությունը, 14%–ը հայտարարել է, որ չի մասնակցի քվեարկությանը, իսկ 5%–ը՝ դեռ չի որոշել։

Այս խորագրի վերջին նյութերը