Լրահոս

07.06.2012 13:23


Գրադարաններից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Գրադարաններից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Հայաստանի ազգային գրադարան»-ից եւ  «Երեւանի պետական համալսարանի» «Սարգիս եւ Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել թվով 7 անձանց:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին 2010թ. հուլիսին նախնական համաձայնության է եկել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե. Ղամբարյանի հետ` գրապահոց ապօրինի մուտք գործելու եւ մեծ քանակությամբ գրքերի գողություն կատարելու վերաբերյալ: 

2010թ. հուլիսից մինչեւ 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Վ. Ազարիաշվիլին, ոմն Վ. Տրուբիցինը եւ Ե. Ղամբարյանը «Հայաստանի ազգային գրադարան»-ից գողացել են առանձնապես խոշոր չափերի հասնող` 7 500 000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող, ռուսերեն լեզվով 150 տարբեր գրքեր:  

Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Ազարիաշվիլին Ե. Ղամբարյանի համագործակցության համար վերջինիս տվել է 20 000 ԱՄՆ դոլար, իսկ հափշտակած գրքերի մի մասը Տրուբիցինի հետ իրացրել քննությամբ չպարզված անձանց:

Բացի այդ, Վ. Ազարիաշվիլին «Երեւանի պետական համալսարանի» «Սարգիս եւ Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ եւ արվեստի գրականության բաժնի վարիչ  Հ. Դուրգարյանի օժանդակությամբ  հափշտակել է նաեւ հիշյալ գրադարանին պատկանող, 1700-1800-ական թվականների հրատարակության, մատենագիտական եւ աղբյուրագիտական նշանակություն ունեցող, ընդհանուր առմամբ 5 627 400 ՀՀ դրամ արժողությամբ, ռուսերեն լեզվով 17 տարբեր գրքեր:  Նախաքննությամբ պարզվել է, որ   Հ. Դուրգարյանը գողացված գրքերի դիմաց Վ. Ազարիաշվիլուց  ստացել է 15 000 ԱՄՆ դոլար գումար:

Բացի այդ, 2011թ. դեկտեմբերի կեսերին Վ. Ազարիաշվիլին նախնական համաձայնության է եկել ՀՀ քաղաքացիներ Կ. Հովհաննիսյանի եւ Վ. Եղիազարյանի հետ` «Հայաստանի ազգային գրադարան»-ի գրապահոցներ մուտք գործելու եւ այնտեղից առանձնապես խոշոր չափերի գրքեր գողանալու վերաբերյալ: Հանցագործության վայրի եւ հափշտակության ենթակա գրքերի նախապես ուսումնասիրելու հարցում նրանց օգնել է գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ  ՀՁՊ գնդի ոստիկան Դ. Ղամբարյանը, ով խոստացել է իր ծառայության օրը գրադարանի շենք թողնել հանցակիցներին` այնտեղ նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 8:00-ի սահմաններում, Դ. Ղամբարյանը գրադարանի վարչական շենքի կենտրոնական մուտքի  դուռը բացել, ներս է թողել Վ. Ազարիաշվիլուն եւ Կ. Հովհաննիսյանին: Իսկ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ  ՀՁՊ գնդի ոստիկան ծառայակիցը` Ա. Հովսեփյանը, ով նույն օրը ծառայություն է իրականացրել Դ. Ղամբարյանի հետ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ` ծառայության ավարտից 1 ժամ շուտ լքելով ծառայության վայրը: 

Արդյունքում` 2011թ. դեկտեմբերի 26-ին` ժամը 3:00-ի սահմաններում, Վ. Ազարիաշվիլին, Կ. Հովհաննիսյանը եւ Վ. Եղիազարյանը փորձել են ապօրինի մուտք գործել «Հայաստանի ազգային գրադարան»-ի «Թամանյանական»  մասնաճյուղի շենք, որը կանխվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի ՊՊԳՎ աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Ազարիաշվիլուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Ե. Ղամբարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Հ. Դուրգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Կ. Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Վ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Դ. Ղամբարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Ա. Հովսեփյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ոմն Վ. Տրուբիցինի եւ մյուս անհայտ անձանց վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը