Լրահոս

07.06.2012 00:28


Հարյուր մետր չորեքթաթ` խողովակի միջով

Հարյուր մետր չորեքթաթ` խողովակի միջով

Հունիսի 6-ին «Երևան Ջուր» ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության «Շենգավիթ» տեղամասի աշխատակիցները վերանորոգում էին «Մսի կոմբինատ» օրվա կարգավորման ջրամբարից դեպի Շենգավիթ ձգվող 1200 մմ տրամագծով ջրատարը: Սակայն լուսանկարել աշխատանքների ընթացքը հնարավոր եղավ միայն մասամբ:

         Ըստ տեղամասի արտադրատեխնիկական բաժնի պետ Սերգեյ Մուրադյանի՝ մեծ դժվարությամբ է հաջողվել հայտնաբերել վթարի վայրը: Անցած տասնամյակների ընթացքում ջրատարի վրա հողի մեծ լիցք էր կատարվել, նաև կառուցվել էր երկաթուղային պաստառ, ինչն անգամ ժամանակակից հզոր էքսկավատորին իր 6 մետրանոց շերեփով հնարավորություն չէր տալիս փորել-հասնել ջրագծին: Մինչդեռ ջուրը շարունակում էր արտահոսել և հեղեղել ոչ միայն փողոցը, այլև հարակից հիմնարկ-ձեռնարկությունների տարածքները:

         Ի վերջո, խողովակափնտրիչ սարքի միջոցով հնարավոր է դարձել պարզել ջրատարի ամենաբարձր հատվածը և հողի վերին շերտը բացել: Հետո… Հետո գտնվել է խնդրի միակ լուծումը: Խողովակի վրա մեծ անց է բացել, որի միջով եռակցողները, պահանջվող սարքավորումներով հանդերձ, չորեքթաթ անցել են մոտ 100 մետր ու պարզել, որ բացվել է ջրատարի կարը` 50-60 սմ երկարությամբ: Մնացածը, ինչես ասում են, տեխնիկայի գործ էր: Եթե, իհարկե, չհաշվենք խիստ նեղվածքը, օդի պակասությունը և եռակցումից առաջացող տաքությունը: Լուսանկարել այդ ամենը պարզապես հնարավոր չէր:

         Այնպես որ, Շենգավիթի բնակիչները վաղը կեսօրի մոտ, ինչպես և խոստացվել էր, ջուր կունենան: Իսկ ընկերության աշխատակիցների կատարած դժվարին աշխատանքի մասին կմնա վկայող միայն մի քանի լուսանկար:

Հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը