Լրահոս

06.06.2012 10:24


Բողոքի երթի մասնակիցները նամակներ կհանձնեն ՀՀ նախագահին, արտաքին գործերի նախարարին

Բողոքի երթի մասնակիցները նամակներ կհանձնեն ՀՀ նախագահին, արտաքին գործերի նախարարին

Հունիսի 7-ին՝ հինգշաբթի, տեղի կունենա բողոքի երթ՝ վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:  Երթը կսկսվի ժամը 11:00-ին Օպերայի մոտից (Արամ Խաչատրյանի արձան): Մասնակիցները նամակներ կհանձնեն ՀՀ նախագահին, արտաքին գործերի նախարարին:

 Նամակում ասված է.

 

Հայտարարություն

 

1994թ. մայիսին հաստատված կեղծ հրադադարի պայմաններում, յուրաքանչյուր տարի հայ երիտասարդ զինվորները տասնյակներով զոհ են գնում ադրբեջանական գրոհայինների հարձակումներին: Համարվում է, որ հայկական զորամասերը համարժեք պատասխան են տալիս թշնամուն: Սակայն, վերջին տարիներին ադրբեջանական հարձակումների և դրանց արդյունքում զոհվող հայորդիների թիվը միայն աճում է:

Տեղի ունեցողը հատուցումն է այն անպատասխանատու քայլի, որ Հայաստանի քաղաքական ու զինվորական ղեկավարությունը կատարեց 1994-ին՝ կիսատ թողնելով և հաղթական ավարտին չհասցնելով ազատագրական պատերազմը:

Ագրեսորին խաղաղություն պարտադրելու փոխարեն պաշտոնական Երևանը թույլ տվեց, որ իրեն ներքաշեն անիմաստ բանակցային գործընթացի մեջ, որի միակ նշանակությունը Հայաստանին անհնար տարածքային զիջումներ պարտադրելն է:

Բաքուն, իր հերթին, շահած ժամանակը արդյունավետորեն օգտագործում է իր սցենարով պատերազմի ավարտը նախապատրաստելու համար:

Այսօր հաճախ ենք լսում Բաքվին հասցեագրված դատապարտման խոսքեր: Սակայն թշնամուն ամոթանք տալը ամենաանիմաստ զբաղմունքն է, որը նաև ցուցադրում է սեփական անճարությունը: Մենք իհարկե հասկանում ենք, որ շարունակվող պատերազմը ընդհանրապես առանց զոհերի չի կարող լինել: Սակայն դատապարտում ենք այն թողտվությունը, որը ադրբեջանցիներին օրեցօր ավելի լկտի է

դարձնում:

Պահանջում ենք պետական, բանակային և դիվանագիտական ղեկավարությունից.

 1. Անհապաղ վերանայել «պատասխան գործողությունների» մեր չափանիշը:

Թվաբանական համարժեք հատուցումը համարժեք չէ ըստ էության: Իրական համարժեք պատասխանը պետք է էապես ավելի մեծ լինի և ներառի ժողովրդագրական համամասնության, ինչպես նաև պատժիչ և կանխարգելիչ նշանակություն հաղորդող

գործակիցները: Արդյունքում զոհերի մեկին տաս հարաբերությունը այն նվազագույնն է, որ կարող է ըստ էության համարժեք համարվել: Համարժեք պատասխանը, առանց վաղեմության սահմանափակման, պետք է վերաբերի նաև անցյալում պատճառված բոլոր կորուստներին:

 2. Մինչև վերջին տարիների բոլոր կորուստներին համարժեք պատասխան տալու գործողությունների ավարտը դադարեցնել ամեն տեսակի ուղղակի, անուղղակի և միջնորդավորված դիվանագիտական շփումները թշնամի պետության և նրա հովանավորների հետ:

 

3. Երբևէ այլևս չքննարկել տարածքային զիջումներ պարունակող որևէ միջնորդական առաջարկություն: Ապամիջազգայնացնել Արցախյան հիմնախնդիրը և ձեռնամուխ լինել բացառապես սեփական ուժերով դրա վերջնական լուծմանը, որը ենթադրում է

 • Արցախի չբնակեցված և թերբնակեցված բոլոր շրջանների լիարժեք բնակեցումը և տնտեսական յուրացումը:

 

• Վերացնել Արցախի կարգավիճակին վերաբերող իրավական հակասությունները, այն ամբողջությամբ ներառելով ՀՀ վարչական տարածքի մեջ և վերականգնելով ՀՀ արցախաբնակ քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

• Ամրացնել պաշտպանական գիծը և պատրաստվել դիմագրավել Բաքվի նոր հարձակումներին, միաժամանակ հայտարարելով այն գինը, որն Ադրբեջանը ստիպված կլինի վճարել լայնածավալ մարտական գործողությունները վերսկսելու և պարտվելու դեպքում, դրա մեջ հստակորեն ներառելով առնվազն Գարդմանքի և Նախիջևանի ազատագրումը:

 «Հայազն միություն»

Այս խորագրի վերջին նյութերը