Լրահոս

06.06.2012 00:41


Հինգ ծնողազուրկ երեխաների անօթևան ընտանիքը հայտնվել էր բնակարանից զրկվելու վտանգի առջև

Հինգ ծնողազուրկ երեխաների անօթևան ընտանիքը հայտնվել էր բնակարանից զրկվելու վտանգի առջև

Երկու օր, առավոտվանից մինչ երեկո, ամբողջ քաղաքի տարածքով մեկ փնտրելուց հետո միայն կարողացանք գտնել մայիսի 24-ին Գյումրիում կայացած բնակարանների բաշխման վիճակահանությանը չմասնակցած հինգ ծնողազուրկ երեխաների ընտանիքին: Երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրումը կանոնակարգող ՀՀ կառավարության որշումների համաձայն՝ այն ընտանիքներին, որոնք ամբողջ կազմով բացակայում են Հայաստանից, բնակարանի հատկացումը հետաձգվում է:

    Վերջին վիճակահանությանը 80-ամյա Ջանինյան Անահիտի ընտանիքից ոչ մեկը չէր մասնակցել:  Բնակբաշխման հանձնաժողովում նրանց թողած հեռախոսահամարով բազմաթիվ անգամ զանգահարել ենք, սակայն մշտապես անհասանելի էր: Քաղաքաշինության նախարարության համապատասխան պաշտոնյաների խնդրանքով՝ այս ընտանիքի փնտրտուքը վերածվեց մի իսկական փորձության: Նրանց անունները չկային անգամ ջրմուղի ցուցակներում:

Նախ՝ տնակային ավանների քարտեզում գտանք 237 կոտորակով թվարկված տարածքը, որը Գյումրիի ծայրամասում` Վանաձոր տանող ճանապարհի աջ հատվածում է, մեկնեցինք այնտեղ: Այդ վայրում գտնվող տնակներից մեկի բնակիչը, չգիտես ինչից դրդված, մեզ հայտնեց, թե Անահիտի ընտանիքը 3-րդ տարին է, ինչ ապրում է քաղաքի մյուս ծայրում՝ երկրաշարժից կանգուն մնացած ու կիսով չափ բնակեցված, Բուլվարային կոչվող թաղամասի, 9–հարկանի շենքերից մեկում: Բնականաբար մեզ ոչինչ չէր մնում անել, քան գնալ և փնտրել այնտեղ: Առաջին օրը տասնյակ բարձրահարկերում անպտուղ փնտրելուց հետո դատարկաձեռն վերադարձանք, այստեղ չեմ ուզում անդրադառնալ և պատմել, թե ինչպիսի աղքատություն և բարքեր են տիրում այդ թաղամասում... միայն ասեմ, որ դա իրոք առանձին և շատ լուրջ հրապակման թեմա է:

      Հաջորդ օրը քաղաքաշինության նախարարության կողմից մի փոքր ուղորդող տեղեկատվություն ստացանք և ուղևորվեցինք քաղաքի մեկ այլ ծայրամասում գտնվող տնակային ավան: Երկար հարց ու փորձից հետո պատահաբար հայնաբերեցինք այդ ընտանիքի առանց մոր մնացած 5 երեխաներից ավագին` 16-ամյա Անահիտին, որը, ինչպես հետագայում պարզվեց, վիճել ու հեռացել է տանից և բնակվում է ինչ-որ ծանոթներից մեկի տանը: Հենց նրանից էլ իմանալով 2-րդ կարգի հաշմանդամ հոր հեռախոսահամարը՝ վերջապես կրկին քաղաքից դուրս մի վայրում գտանք վաղուց շարքից դուրս եկած տնակում բնակվող ծնողական ջերմ հոգածության կարոտ երեխաներին, հայտնեցինք նոր և հարմարավետ 3–սենյականոց բնակարան ստանալու 24 տարի ուշացած բարի լուրը:

Վերջում ավելացնենք, որ մենք դատարկաձեռն չէինք գնացել, մեզ հետ տարել էինք ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկած մանկական հագուստներ:

 Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում http://youtu.be/SKyivqYuIIE:

Այս խորագրի վերջին նյութերը