Աշխարհ

05.06.2012 21:40


Արյունոտ սադրանք և ամոթալի ստերի շարան

Արյունոտ սադրանք և ամոթալի ստերի շարան

Ադրբեջանական կողմը վերստին դիմեց հերթական արյունալի ու անիմաստ  արկածախնդրությանը: Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության տարածած մամուլի հաղորդագրության, երեկ` հունիսի 4-ի լույս գիշերը, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդը հերթական անգամ կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը` փորձելով գրեթե միաժամանակ ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերը պաշտպանող հայկական հենակետեր, սակայն, երկու դեպքում էլ, բախվելով հայկական կողմի հստակ ու փոխհամաձայնեցված գործողություններին, կորուստներով ետ է շպրտվել:

Ուշ գիշերով Բերդավանի ուղղությունում ծավալված մարտի ընթացքում գյուղի պաշտպաններից զոհվել է մեկ զինվոր, իսկ մեկ սպա վիրավորվել է:

Իսկ լուսադեմին մոտ՝ Չինարիի հատվածում հակառակորդի հարձակումը կասեցնելիս, զոհվել են ժամկետային ծառայության երկու զինվորներ, ևս հինգը` վիրավորվել: Երեկոյան լրատվամիջոցներին տրամադրված հաջորդ հաղորդագրությունում ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկություններ հաղորդեց վիրավոր զինվորների և սպայի առողջական վիճակի մասին, որոնք գնահատվում են որպես ծանր:

Մենք մնացինք մեր ցավի ու զայրույթի հետ, իսկ Ադրբեջանը` իր երկու անհաջող հարձակումների, կորուստների ու հրադադարը կոպտորեն խախտելու փորձի համար միջազգային հանրությանը պատասխան տալու անհրաժեշտության առջև:

Մինչ ՀՀ պաշտպանության նախարարությունը կատարվածի մասին հաղորդելիս հստակ նշում էր, որ դեպքերը ներկայացնում է «ըստ նախնական տվյալների», Ադրբեջանի լրատվական գործակալությունները, իսկ հետո պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, փորձելով արդարացնել իրենց, իսկույն անառարկելի տոնով տարածեցին մեկը մյուսի հետ բոլորովին կապ չունեցող հայտարարություններ:

            Կեսօրին Բաքվի «АПА» գործակալությունն ավելի խելոք ելք չգտնելով, ադրբեջանական քարոզչամեքենայի մաշված հնարքների տառին ու ոգուն խստիվ համապատասխան, ամեն ինչ գլխիվայր ներկայացնելու համար ուղղակի բառացիորեն  արտագրեց հայկական հաղորդագրությունը և հայտարարեց, որ… Տավուշի Չինարի և Բերդավան գյուղերի մերձակայքում նկատվել են մի խումբ հայ զինծառայողներ, և ադրբեջանական բանակի ձեռնարկած գործողությունների արդյունքում նրանցից երեքը ոչնչացվել են, իսկ հինգը` վիրավորվել:

Այսպիսով՝ «АПА» գործակալությունն իր տարածած հաղորդագրությամբ ոչ միայն հաստատեց, որ զինադադարի ռեժիմը խախտել և նախահարձակ են եղել իրենք` կրակ բացելով ոչ թե Ղազախի կամ Թովուզի տարածքում, այլ հայկական գյուղերի մերձակայքում «նկատված» հայ զինծառայողների վրա (կարծես հայ զինվորն էլ ուրիշ որտեղ պետք է լիներ, եթե ոչ իր հենակետում), այլև ապացուցեց, որ Բաքվում ծուլացել են անգամ նայել քարտեզին, այլապես կհասկանային, որ պետք էր գործողությունների թատերաբեմ ներկայացնել ոչ թե Չինարիի ու Բերդավանի, այլ նրանց մերձակա ադրբեջանական գյուղերի տարածքը: Եվ բացի այդ, անհասկանալի է, թե ադրբեջանական ստորաբաժանումներին ինչպես է հաջողվել «հայ զինծառայողների խումբ նկատել» միմյանցից նախկին Իջևանի շրջանի տարածքով բաժանված Նոյեմբերյանի տարածաշրջանի հյուսիսում և Տավուշի տարածաշրջանի հարավում գտնվող հսկա տարածքում: Բայց մարդիկ փորձելով սուտ խոսել՝ անկեղծորեն ասել են, որ երկու անգամ կոպտորեն խախտել են զինադադարը, վերջում էլ ինքնագովությամբ զբաղվել, թե տարեսկզբից այսքան հայ զինծառայող ենք ոչնչացրել:

Իսկ ահա Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, որպես իսկական զինվորական, նախընտրեց չգնալ տրորված ճանապարհով. լրագրողին գիտակ տոնով բացատրելով, թե «ԶԼՄ-ներում նման կեղծ և շեղող տեղեկատվության տարածման համար կան հատուկ պատճառներ», սա հերթական անգամ գերազանցեց ինքն իրեն` գնալով դեպի… մտավոր անհայտություն և առավել քան անորոշ կերպով հայտարարելով, որ «Հայաստանի ներքին քաղաքական հակասություններն ու տարբեր խմբերի շահերը ներթափանցում են բանակ և հանգեցնում զինված բախումների», այնպես էլ չհստակեցնելով՝ հայ զինծառայողնե՞րն են միմյանց վրա կրակ բացել, թե՞ տարբեր խմբերի շահերը մերոնց դրդել են հարձակման փորձ ձեռնարկել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Դե գնա ու պետական կառույցի լրատվական ծառայության պետին բացատրիր, թե Ազգային ժողովի ընտրությունները, որոնք Հայաստանում տեղի ունեցան մեկ ամիս առաջ, անվանվում են ոչ թե «քաղաքական հակասություններ», այլ «օրենսդիր մարմնի ընտրություններ», որոնք չորս կամ հինգ տարին մեկ տեղի են ունենում աշխարհի գրեթե բոլոր պետություններում, իսկ ըստ պաշտոնական Բաքվի տրամադրած տեղեկատվության` նաև Ադրբեջանում:

Իրականությունն այն է, որ վերջին շրջանում ադրբեջանական բանակն անընդհատ ոտնձգությունների է դիմում Հայաստանի հյուսիս-արևելյան սահմաններում, ինչպես Դովեղի աննախադեպ գնդակոծումն ու գիշերով դարանից մարդատար մեքենայի վրա ապրիլի 27-ին կրակ բացելու և պայմանագրային զինծառայողներ Արշակ Ներսիսյանի, Դավիթ Աբգարյանի ու Արամ Եսայանի կյանքերը խլելու դեպքերը: Այն ժամանակ էլ գնդապետ-լեյտենանտ Սաբիրօղլուն ինչ-որ բաներ էր խոսում, մինչև հայկական կողմը հենց ողբերգության վայրում միջազգային միջնորդներին պարզ ապացուցեց, թե իրականում ինչ է կատարվել: Այժմ էլ այդպես կլինի, սադրանքները զինվորների կյանք խլելուց բացի, ուրիշ ոչ մի արդյունք չեն տա, քանի որ ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ, և այլ կերպ չի էլ կարող լինել: Ուղղակի, ժամանակ առ ժամանակ, իր բարոյալքված ու կոռուպցիայի մեջ գլխովին խրված բանակի չունեցած մարտական ոգին բարձրացնելու համար Բաքուն կդիմի նման քայլերի, պատասխան կստանա ու առժամանակ կսսկվի:

Այս արյունոտ ու անիմաստ ոտնձգության և նրան հետևած անհեթեթ մեկնաբանության մեջ սակայն, մի վտանգավոր կետ կա. խոսելով «ներքաղաքական հակասությունների» մասին՝ թեև անշնորհք կերպով, բայց կարծես թե փորձ է արվում չբացառել հետագայում ևս նման խոշոր սադրանքների հնարավորությունն ու նախապես արդարացնել դրանք: Ու մեր խնդիրը դրանք սաղմում խեղդելն է:

Տիգրան Դևրիկյան

 

Այս խորագրի վերջին նյութերը