Հարցազրույց

02.06.2012 15:27


Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր «Ժառանգության» համագումարի ընդմիջմանը կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է լրագրողների հարցերին

–Ինչպիսի՞ հարց դրեցիք վարչության քննարկմանը։

–Վարչությունը հիմա ընտրվելու ընթացքում է։ Նոր վարչությունը կգումարի իր առաջին նիստը, որտեղ կորոշվի ԱԺ–ում «Ժառանգության» մասնակցության բանաձևը, և այդ բանաձևն, իհարկե, կդիտարկի նաև իմ խնդիրը, որովհետև ես ուզում եմ, որ վարչությունը ինչպես նախընտրական համամասնական ցուցակը որոշեց՝ խորհրդի ընդլայնված նիստով կոլեգիալ, հավաքական որոշմամբ, նույնպես այս հարցը լուծի ոչ թե այս կամ այն թեկնածուի, պատգամավորի անհատական ցանկությամբ, այլ նույն կոլեգիալ որոշմամբ։

–Ինչո՞ւ խորհրդարանի առաջին նիստին «Ժառանգությունը» չմասնակցեց։

–Վարչությունը մի քանի ժամից արդեն ձեր հարցի և նման հարակից այլ հարցերի պատասխանը կտա։ Ես ասել եմ այսօրվա ելույթի ընթացքում, որ հերթական անգամ, ցավոք սրտի, մեր համապետական ցավն ու ամոթն է, որ ունենք հերթական «դե ֆակտո» խորհրդարանը, և այդ երկու բաղադրատարրերը կողք կողքի դնելով՝ կարող եք հասկանալ, թե ինչու մենք ներկա չէինք, և այսօր մեր որոշումը մի քանի ժամից կընդունենք կոլեգիալ մարմնով և ձեզ կտեղեկացնենք։

–«Ժառանգությունն» իր նախագահի թեկնածուն ունենալո՞ւ է։

–Նորընտիր վարչությունն այդ հարցը կքննարկի, և եթե հաղորդակից լինի իմ առաջարկներին, որ ես փորձեցի կատարել այսօր՝ իմ ելույթի միջոցով, մենք վերկուսակցական նոր ուժի ուղղությամբ քայլեր կկատարենք։ Ես չեմ կարծում, որ որևէ առանձին կուսակցություն իր թեկնածուն առաջադրելով՝ կդառնա հաջողակ,  հաղթական այլընտրանք Հայաստանի ժողովրդի համար։

–Ձեզ որպես նախագահի թեկնածու տեսնո՞ւմ եք։

Ո՛չ, չեմ ցանկանում լինել նախագահի թեկնածու։ Ես նախընտրում եմ լրիվ ուրիշ թեկնածություն պաշտպանել։

–Խոսեցիք ընտրակեղծիքներից, բայց ինչո՞ւ չմիացաք ՍԴ ՀԱԿ–ի դիմումին։

–Ես ողջունում եմ ՀԱԿ–ի քայլը, որ ինքը միակը եղավ դիմելու ՍԴ, ամենակազմակերպվածն այդ առումով ինքն աշխատեց՝ անկախ մնացած այլ խնդիրների տարաձայնություններից, և կարծում եմ, որ այնտեղ էլ ապացուցողական շեմերի խնդիր կար, ավելի կազմակերպված, ավելի համալիր աշխատելու խնդիր կար, որովհետև պետք է մասնակցեին նաև հետաքննական լրագրողները։ Կարծում եմ, որ ՀԱԿ–ի այդ քայլը ցույց է տալիս, որ գոնե այդ առումով ավելի կազմակերպված էին, քան թե մնացածը։

–Հնարավո՞ր է առաջիկայում ձեզ տեսնել կոալիցիայի մեջ։

–Ոչ։

–«Ազատ դեմոկրատները» արդեն վերցրել են իրենց մանդատները։ Հիմա եթե վարչությունը որոշի, որ իրենք պետք է ինքնաբացարկ հայտնեն, ի՞նչ եք անելու՝ ասելու եք նորից մանդատները հե՞տ տան։

–Դա արդեն խիստ տեսական և հիպոթետիկ հարցադրում է։ Ես չեմ կարող ոչ միայն «Ազատ դեմոկրատների», այլ նաև վարչության անունից որևէ բան ասել։ «Եթե»–ների տեսությունը մի երկու ժամով հետաձգենք, վարչությունը կորոշի և ձեզ կտեղեկացնի։

–Բայց նրանց այդ քայլն ինչպե՞ս եք գնահատում, որ գնացին, վերցրեցին և չսպասեցին «Ժառանգության» համագումարին ու, փաստորեն, չհարգեցին։

–Դա լրիվ իրենց անհատական կողմնորոշման տիրույթից է։

–Իսկ այսօր «Ազատ դեմոկրտաների» առաջատարների բացակայությունն ինչո՞վ եք բացատրում։

–Վարչության ներկայացուցիչները ներկա էին։

–«Ազատ դեմոկրատների» հետ համագործակցությունն արդյունավետ համարո՞ւմ եք, որովհետև նախորդ անգամ «Ժառանգությունը» միայնակ ավելի շատ ձայն հավաքեց, քան թե հիմա՝ նրանց հետ միասին։

–Կարծում եմ, որ մեծ լիցք եղել է։ Հայաստանում քիչ եք տեսնում, որ երկու ուժեր կարող են ընդհանուր հայտարար գտնել, դա նոր մշակույթ է մեզ մոտ։ Կարծում եմ, որ հիմնականում Հայաստանի առարկայական, օբյեկտիվ իրավիճակն այնպիսին էր, որ արդյունքները, որոնք գրանցվեցին, գրանցվեցին, ինչպես որ կան։ Եվ ես իմ գնահատականը տվեցի իմ ելույթի ժամանակ։ Այն, որ եղել են նաև կազմակերպչական ներքին սխալներ, դա ևս կա, ընթացքում դա ևս մենք բարձրաձայնել ենք և կարծում ենք, որ բոլոր դեպքերում արդյունավետ համագործակցության հեռանկար տվել է։

–Եթե ընտրությունները խախտումներով են եղել, ինչո՞ւ ընտրություններից հետո փողոց դուրս չեկաք։

–Մենք կլինենք ամեն տեղ։

–Կլինե՛ք, բայց հիմա չեք։

–Հիմա, ներկա դրությամբ, ձեր ներկայությամբ գտնվում ենք Գրողների միության տան միջանցքում, որը փողոցից մի կես քայլ է։

–Ասացիք, որ կնախընտրեիք պաշտպանել ուրիշի թեկնածությունը. ո՞վ է այդ ուրիշը։

–Իմ նախընտրությունը քիչ է։ Եթե ամեն մեկն իր նոր դերակատարման մեջ լինի՝ քաղաքացիական հասարակությունը, երիտասարդների շարժումը, լրագրողները, վերլուծաբանները, դա միասին կկարողանանք որոշել, որովհետև ես հավատացած եմ, որ հավաքական թեկնածություն պիտի լինի, և կարող է՝ ձեզնից մեկը լինի։

Հարցազրույցը ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը