Լրահոս

01.06.2012 15:35


«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոն

«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոն

Այսօր` հունիսի 1-ին, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը հանդես եկավ մամուլի ասուլիսով ներկայացնելով այս տարվա փառատոնի ֆիլմերի արտամրցութային ծրագրերը:

«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը կպահպանի արդեն ավանդույթ դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Ինչպես 2011թ., այս տարի ևս ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենա ԱՊՀ երկրների կինոծրագիրը: Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով փառատոնը կներառի ևս մեկ արտամրցութային ծրագիր` «Գիրք և կինո» խորագրով:

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված են Վիկտոր Կոսակովսկու «Կեցցեն հակապատկերները» (Vivan las Antipodas), որը 2011թ.  Վենետիկի կինոփառատոնի բացման ֆիլմն էր, Ագնեշկա Հոլանդի «Խավարում»-ը (In Darkness), որը 2012թ. «Օսկար»-ի հինգ նոմինանտներից էր, Քրիստիան Պետզոլդի «Բարբարա»-ն (Barbara), որը 2012թ. Բեռլինի կինոփառատոնում արժանացավ «Արծաթե Արջ» մրցանակին, Կոսիմա Սպենդերի «Առանց Գորկու»-ն (Without Gorky) (հեղինակը Գորկու թոռն է), Վադիմ Աբդրաշիտովի «Պարողի ժամանակը» (Время танцора), Ռուբեն Քոչարի «Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը»-ը և Ֆրանսիս Ֆորդ Կոպոլայի վերջին` «Միջև» (Twixt) ֆիլմը: Նշենք, որ Կոպոլայի` վերջին տարիներին արված բոլոր ֆիլմերը նախորդ տարիներին ներկայացվել են «Ոսկե ծիրանի» ծրագրերում: Տեղեկացնենք նաև, որ Վիկտոր Կոսակովսկին, Ագնեշկա Հոլանդը, Վադիմ Աբդրաշիտովը և Կոսիմա Սպենդերը ներկա կլինեն փառատոնին որպես պատվավոր հյուրեր և իրենք կներկայացնեն ֆիլմերը:

Հետահայաց ցուցադրությունների ծրագրում կներկայացվեն Էլդար Շենգելայայի, Վիկտոր Էրիսեի, Ալեքսանդր Սոկուրովի ֆիլմերը: Կից ներկայացված են ֆիմերի ցանկը և ռեժիսորների մասին հակիրճ տեղեկատվություն:

«Հարգանքի տուրք» ծրագրում կնշվեն Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Անդրեյ Տարկովսկու հոբելյանները:

Նշանավորելով Յուրի Երզնկյանի ոչ միայն ռեժիսորական, այլև մանկավարժական բեղուն գործունեությունը` նրա 90-ամյակին նվիրված ծրագիրը կկրի «Յուրի Երզնկյանը և իր արվեստանոցը» խորագիրը և կընդգրկի ինչպես իր, այնպես էլ իր տարբեր տարիների աշակերտների գործերը: Մասնավորաբար, կներկայացվեն Երզնկյանի «Խաթաբալա» (1971թ.), Հարություն Խաչատրյանի «Կոնդ» (1987թ.), Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» (2009թ.), Նարինե Մալյանի «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» (2012թ.), Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում» (2011թ.), Արտակ Փայտյանի «Մենություն» (2009թ.), Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա» (1991թ.), Լևոն Քալանթարի «Ամուր ընկույզ», Արուսյակ Արիստակեսյանի «Յո երթաս» (1995թ.), Արսեն Ազատյանի և Նարինե Մկրտչյանի «Անդրեյ»  ֆիլմերը:

Ֆրունզե Դովլաթյանի 85-ամյակին նվիրված ծրագրում կներկայացվի նրա «Երկունք» (1977թ.) ֆիլմը:

Հատուկ կարևորությամբ կնշվի Անդրեյ Տարկովսկու 80-ամյակը: Ծրագիրը կիրականանա ԱՊՀ երկրների կինոծրագրի շրջանակներում` ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Կներկայացվեն ինչպես իր, այնպես էլ իր գեղարվեստական ղեկավարությամբ իրականացված ֆիլմեր: Մասնավորապես` կցուցադրվեն Տարկովսկու «Ավետարան ըստ Անդրեյի» (“Страсти по Андрею) և «Սոլյարիս» (“Солярис”) (հեղինակային տարբերակներ) ֆիլմերը, ինչպես նաև նրա ուսանողական շրջանի «Գլդոնն ու ջութակը» (“Каток и скрипка”) և «Այսօր ազատում չի լինի» ֆիլմերը (“Сегодня увольнения не будет”): Ծրագիրը կներառի նաև Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան» (“Терпкий виноград) (գեղ. ղեկ.՝ Ա. Տարկովսկի), Արա Ահարոնյանի «Երազ» (“Сон”) (սցենարի հեղինակ` Տարկովսկի) և Արսեն Ազատյանի ու Նարինե Մկրտչյանի` Տարկովսկուն նվիրված «Անդրեյ»` (“Андрей”) ֆիլմը:

Այս խորագրի վերջին նյութերը