Հարցազրույց

27.05.2009 17:32


Էմմա Խուդաբաշյան.

Էմմա Խուդաբաշյան.

Հարցազրույց «Շրջադարձ» հասարակական կազմակերպության նախագահ Էմմա Խուդաբաշյանի հետ

-Այսօր օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն է։ Ինչպե՞ս եք գնահատում բանակցային գործընթացը։

-Բանակցային գործընթացը նորմալ եմ գնահատում։ Մեր նախագահի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» 1-0 օգուտ մեզ է։ Եվ, ինչպես նախագահն ասաց, գնդակը Թուրքիայի կիսադաշտում է։ Սպասենք հետագա գործընթացներին։ Կարծում եմ, որ մեզ համար դրական ինչ-որ բան պետք է լինի։

-Սակայն կարծիքներ կան, որ մենք հայ-թուրքական բանակցություններում ակնհայտորեն տանուլ ենք տալիս։ Մասնավորապես ասվում է, թե ապրիլի 22-ին ընդունված «Ճանապարհային քարտեզը» դրա ապացույցներից է։

-Ի՞նչն ենք տանուլ տալիս։ Ի՞նչը պետք է փոխվի։ Եթե Թուրքիան չուզենա, մենք հո չէ՞նք ասելու՝ եկեք Ղարաբաղը տանք, դուք էլ սահմանը բացեք։ Ես հավատում են մեր նախագահին։ Վերջապես, նա Հայաստանի Հանրապետության նախագահն է։ Նա պաշտոնապես հայտարարեց, որ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների, նախապայմաններ չկան։ Ես իրավունք չունեմ նրան չհավատալու։

-Փաստորեն, Թուրքիայի առաջին դեմքերի հայտարարությունները, թե դուրս եկեք Ադրբեջանի տարածքներից, և սահմանը կբացենք, նախապայմա՞ն չէ։

-Գիտեք ինչ,  հայ-թուրքական բանակցությունների շուրջ բարձրացված աղմուկն անհասկանալի է։ Դա ինձ հիշեցնում է  Հ. Թումանյանի «Կիկոսի մահը»։ Դեռ չծնված՝ մարդուն արդեն թաղում են։ Սպասեք, տեսնենք՝ ի՞նչ է լինում։ Չիմանալով բանակցային սեղանին դրված կետերը՝ ինչպե՞ս կարելի է ասել, թե տանուլ ենք տալիս։

-Լավ, անցնենք ներքին կյանքին։ Քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը, ըստ Ձեզ, ինչպե՞ս է ընթանում։

-Եթե այս քարոզարշավը համեմատենք նախորդների հետ, ապա բավական դրական բաներ կարող ենք արձանագրել։ Բացառությամբ իշխանական և ընդդիմադիր մի քանի թերթերի՝ լրատվամիջոցները բավական զուսպ են, ընտրողն ավելի տեղեկացված է... Կարող եմ ասել, որ 1996թ.-ից մինչև հիմա անցկացված քարոզարշավներից այս մեկը դրականորեն տարբերվում է։ Առաջընթաց կա։

-Ու՞մ շանսերն եք բարձր գնահատում։

-Ես քաղաքական ճանապարհով անցած մարդ եմ և կարող եմ ասել, որ նա, ով ունի իշխանական լծակներ, հաղթելու ավելի մեծ շանսեր ունի։ Բնականաբար՝ ՀՀԿ-ի շանսերն եմ բարձր գնահատում։

-Ընդդիմության հաղթանակը, ըստ Ձեզ, որքանո՞վ է իրատեսական։

-Որպես կանոն, ընդդիմությունը մայրաքաղաքում միշտ մեծ թվով ձայներ է ստանում։ Դա ցույց տվեցին նաև 2008թ. նախագահական ընտրությունները։ Սակայն նախագահական ընտրություններից հետո պատկերը փոխվեց։ Մարդիկ հիասթափվեցին. այլևս չի ստացվի, այլևս չի գալու և այլն։ Բացի այդ, նախագահական ընտրությունների ժամանակ իշխանության զգալի մասը՝ մոտավորապես 40%-ը, ներքին կարգով աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հիմա այդպես չէ։ Նախագահն ունի ձևավորված թիմ։

-Նախագահական ընտրությունների ժամանակ իշխանության 40%-ը ցանկացած պահի կարո՞ղ էր «դավանափոխ» լինել։

-Ինչու՞, մինչև հիմա այդպես չէ՞։ Մեր քաղաքական դաշտում երկակի խաղ խաղալը սովորական բան է։

-«Բարգավաճ Հայաստանի» հնարավորությունները ինչպե՞ս եք գնահատում։

-«Բարգավաճ Հայաստանի» հնարավորություններն էլ են մեծ։ Իմ կարծիքով՝ Երևանի ավագանու ընտրություններում առաջինը կլինի ՀՀԿ-ն, երկրորդը՝ ԲՀԿ-ն, երրորդը՝ ՀԱԿ-ը։

-Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը, ըստ Ձեզ, չե՞ն հաղթահարի 7%-ի արգելքը։

-Ես ներկայացրեցի ընտրությունների իմ պատկերացրած արդյունքները։ Կանխատեսումները, ընդհանրապես, անշնորհակալ գործ են, սակայն ես այսպես եմ կարծում։

-Ցանկություն չունե՞ք վերադառնալ ակտիվ քաղաքական գործունեության։

-Կմտածեմ։ Այժմ ստեղծել եմ հասարակական կազմակերպություն, այս ուղղությամբ եմ աշխատում։ Իսկ հետագան՝ կյանքը ցույց կտա։ Ընդհանրապես, իմ կյանքում պատահականությունները լուրջ դեր են խաղացել։

-Իսկ պատահականությու՞ն, թե օրինաչափություն էր ՀԺԿ-ից Ձեր դուրս գալը։

-Ես եղել եմ այդ կուսակցության հիմնադիրներից մեկը։ ՀԺԿ նախաձեռնող 5 անդամներից մեկը եղել եմ ես։ Հիմա  բոլորը չկան, մնացել եմ ես։ Եվ ստացվեց այնպես, որ ես դուրս մնացի։ Չգիտեմ՝ ում օգնությամբ, ում միջամտությամբ... Ընդհանրապես, այսպես է. երբ ընդդիմադիր կուսակցությունները մասնակցում են համապետական ընտրություններին, նրանց միջև սկսվում է գզվռտոց։ Իմ դեմ արշավ սկսվեց։

-Ու՞մ կողմից։

-Չգիտեմ՝ ում կողմից էր դա հրահանգված...

-Ասվում էր, որ Դուք համագործակցում եք իշխանությունների հետ, բիզնեսներ ունեք...

-(Ծիծաղելով) Հիմա ես վարձով եմ ապրում։ Արդարանալու կամ ինչ-որ բան ապացուցելու կարիքը չունեմ։ Ես միակ ընդդիմադիր մարդն եմ, ով բաց ասում է. «Ես պաշտպանում եմ Սերժ Սարգսյանին, հավատում եմ նրան, ուրեմն թող իր թիմը մինչև սահմանված ժամկետի ավարտը կատարի իր խոստումները»։ Կկատարի՞, կասեմ՝ բրավո, չի՞ կատարի, ոչ մի դժբախտություն՝ 5 տարի հետո նորից ընտրություններ են լինելու։

-Այսօ՞ր էլ եք ընդդիմադիր։

-Շատերն ընդդիմադիր-ընդդիմադիր խոսելով՝ գնում կանգնում են իշխանության կողքը կամ քվեարկում նրա օգտին։ Ես ասել եմ, որ դեմ եմ և ձայն չեմ տվել իշխանությանը։ Հետո տեսել եմ, որ Սերժ Սարգսյանը խելացի է, նրա հետ շփվելով՝ զգում ես, որ նա շատ ավելի մարդկային է, շատ ավելի հայրենասեր։ Ի՞նչ է, նա չի՞ մտածում իր հայրենիքի համար. այդքան տարի պայքարել է։ Այսօր կյանքն ի՞նչ է։ Դուք նայեք մեր քաղաքական դաշտին։ Ընդդիմադի՞ր են դարձել։ Այդ նույն մարդիկ 1998թ. բռերով լցոնումներ կատարեցին և չթողեցին, որ Կարեն Դեմիրճյանը հաղթի։ Հիմա էլ ասում են՝  Խուդաբաշյան Էմմա, արի, մեր կողքը կանգնի, մենք էսպես ենք ուզում անել։ Իսկ ես այդպես չեմ ուզում։ Ես ասում եմ՝ թող Սերժ Սարգսյանն ավարտի իր նախաձեռնությունները։

-Ձեր այս մոտեցումը վերաբերում է նաև քաղաքապետի ընտրությունների՞ն։ Ըստ Ձեզ, Գագիկ Բեգլարյանը կկարողանա՞ արդյունավետ կառավարել քաղաքը։

-Գագիկ Բեգլարյանը միայնակ ո՛չ կարող է դառնալ քաղաքապետ, ո՛չ էլ որևէ մեկը կարող է միայնակ նման դեր ստանձնել։ Բեգլարյանի թիկունքում կանգնած է կուսակցություն։ Ընդ որում, այդ կուսակցությունն ունի բազմաթիվ թերություններ։ Նրա շարքերում կան արատավորված մարդիկ, ովքեր արատավորում են նաև կուսակցության անունը։

-Դա նորմա՞լ է։

- ՀՀԿ-ն հզոր կուսակցություն է,  ունի լծակներ, որի ղեկին կանգնած է հանրապետության նախագահը։ Նա այսօր հայտարարում է. պետք է վերջ դրվի լկտիությանը, բարձիթողությանը, կոռուպցիային և այլն։ Ա՛յ, հենց դրա համար էլ ես նրան աջակցում եմ։ Առաջին անգամ երկրի նախագահը ներողություն խնդրեց բացթողումների համար։ Ես նրան հավատում եմ։ Չհավատա՞մ։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը