Լրահոս

01.06.2012 09:32


Օգնենք փոքրիկ Էրիկին

Օգնենք փոքրիկ Էրիկին
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը սույն թվականի հունիսի 3-ին՝ ժամը 17:00-21:00–ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում Սիրահարների այգում կազմակերպում է բարեգործական միջոցառում-դրամահավաք 1,6 տարեկան Էրիկ Բաղդասարյանի վիրահատությանն աջակցելու նպատակով: Միջոցառման ընթացքում նախատեսվում է երեխաներին զբաղեցնելու և ուրախացնելու նպատակով պարի խմբի ելույթ, արձանիկների ներկում և նկարչություն, որից հետո բալիկների կողմից արված նկարներով կզարդարվի այգին: Հյուրերին սպասվում է նաև  քաղցր անակնկալ:

Էրիկը տառապում է մանկական ցերեբրալ հիվանդությունով և մեր աջակցության կարիքն ունի: Էրիկին անհրաժեշտ է աչքի վիրահատություն. եզրակացությունը` ռետինոպատիա: 2 ամսական հասակում նա տարել է լազերային միջամտություն, որը կատարվել է 3-րդ մանկական հիվանդանոցում Մալայան կենտրոնի բժիշկների կողմից (Երևան): Փոքրիկին անհրաժեշտ է լրացուցիչ վիրահատական միջամտություն Սանկտ Պետերբուրգում (քանի որ Երևանում չկան այն սարքերը, որոնք անհրաժեշտ են վիրահատության համար), որի ընդհանուր արժեքն է 5000 դոլար: Հանդիպելով Էրիկին ու իր մայրիկին՝ համոզվեցինք կրկին, որ Էրիկի ընտանիքը մեծ եկամուտներ չունի, և նրանք մեր օգնության կարիքն ունեն: Էրիկի տատիկը կարողացել է ընդամենը 2000 դոլար վարկ ստանալ, իսկ մնացյալ 3000–ը հայթայթելը նրանց համար դժվար է:

 «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ն արդեն հավաքել է մոտ 1600 դոիար, որը այս միջոցառումից ստացվելիք գումարի հետ միասին կփոխանցվի Էրիկի ծնողների հաշվին, երբ նրանք արդեն տեղափոխվեն հիվանդանոց: Արդեն նախնական պայմանավորածություն կա Սանկտ Պետերբուրգի Դիսկոլենկոյի անվան կլինիկայի հետ (հերթագրվել են դեռ ապրիլին): Հունիսի 4-ին՝ անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո, երեխային կվիրահատեն:

Եկեք անտարբեր չլինենք և բոլորս միասին հունիսի 3-ին այցելենք Սիրահարների այգի` հերթական անգամ ապացուցելով մեր պատրաստակամությունն ու հոգատարությունը երեխաներին օգնելու գործում` միաժամանակ անցկացնելով հաճելի և հետաքրքիր երեկո: Մեզանից յուրաքանչյուրի ներդրումը կօգնի փոքրիկին վերագտնելու աչքերի լույսը:

 «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ  

Այս խորագրի վերջին նյութերը