Լրահոս

31.05.2012 15:55


Վահան Հովհաննիսյան. «Սկսում ենք խախտումից». ՀՅԴ–ն քվեարկությանը չմասնակցեց

Վահան Հովհաննիսյան. «Սկսում ենք խախտումից». ՀՅԴ–ն քվեարկությանը չմասնակցեց

Այս պահին խորհրդարանում քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների հարցը։ ՀՀԿ–ն առաջարկել է հանձնաժողովների նախկին թիվը և անվանումներն այս գումարման խորհրդարանում էլ է պահպանել։ Դրանք 12–ն էին։ Սա, սակայն, վրդովեցրել է ՀՅԴ խմբակցությանը։ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ այս առաջարկով ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտում է տեղի ունենում։

Կանոնակարգում մասնավորապես ասված է.

«Եթե խմբակցության պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունը, պատգամավորական խումբը իրավունք ունեն իր անդամին ներկայացնելու ոչ ավելի, քան երկու մշտական հաձնաժողովի կազմում ընդգրկվելու համար՝ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենալով մեկական պատգամավոր»։

Հաշվի առնելով ԱԺ–ում ընդդիմադիր ուժերի ստացած տեղերի քանակը՝ ՀՀԿ–ի առաջարկով, փաստորեն, ստացվում է, որ ընդդիմությունը բոլոր հանձնաժողովներում ներկայություն չի՛ կարող ապահովել։

–Ինչպես շատ հաճախ լինում է, սկսում ենք խախտումից,–խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Վահան Հովհաննիսյանը,–այստեղ մի քանի ելույթներից պարզ դարձավ, որ կան մարդիկ, ովքեր երջանիկ են ԱԺ–ի այս ընտրությամբ, պատկերով, բովանդակությամբ, բաղադրությամբ, պոտենցիալով և հեռանկարով։ Ես դրանց թվին չեմ պատկանում, որովհետև դուք ստացաք այն, ինչ ուզում էիք. ընդդիմադիր ֆրակցիաները կան, բայց ոչինչ, սակայն, լուծել, իրականության մեջ փոխել չենք կարող։ Այսինքն, հնարավոր է միայն ու միայն խոսել, արձագանքել, բարկանալ, բայց որևէ հարց  լուծել չի ստացվի, այսինքն՝ Սովետական Միությունը վերադարձավ մեր երկիր։

ՀՅԴ–ն հայտարարել է, որ չի մասնակցի հակաօրինական գործընթացի՝ այս հարցի քվեարկությանը, բայց, այդուհանդերձ, այն 77 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է։

Այսպիսով, ՀՀԿ–ն իրավունք է ստացել նախագահներ առաջարկել 8, իսկ ԲՀԿ–ն՝ 4 հանձնաժողովներում։

ՀՀԿ–ն առաջարկել է հետևյալ թեկնածությունները.

  1. Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով–Արա Բաբլոյան
  2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով–Արտակ Զաքարյան
  3. Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով–Արտակ Դավթյան
  4. Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով– Կորյուն Նահապետյան
  5. Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով–Դավիթ Հարությունյան
  6. Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով–Հակոբ Հակոբյան
  7. Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով–Վարդան Այվազյան
  8. Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով–Գագիկ Մինասյան

ԲՀԿ–ն առաջարկել է հետևյալ թեկնածությունները.

  1. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով–Նաիրա Զոհրաբյան
  2. Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով–Էլինար Վարդանյան
  3. Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով–Սամվել Բալասանյան
  4. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով–Ստեփան Մարգարյան։

Այժմ ներկայացված թեկնածուներն են ելույթներ ունենում։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը