Լրահոս

31.05.2012 15:43


«Երևանի քաղաքապետարանը պատասխանատու է Նալբանդյան 106/1 բակի բարբարոսության համար»

«Երևանի քաղաքապետարանը պատասխանատու է Նալբանդյան 106/1 բակի բարբարոսության համար»

Քաղաքապետարանը կրկին օրենքներ է խախտում և ոչնչացնում կանաչ բակը: Բնակիչները մնացել են մենակ` բիզնեսմենի կամայականությունների դեմ պայքարում և ստիպված են ինքնուրույն պաշտպանել օրենքը:

Երեկ Երևանի կենտրոնական բակերից մեկում՝ Նալբանդյան 106/1 հասցեում, բնակիչները կրկին դուրս էին եկել արդեն ավելի քան մեկ տարի ձգվող պայքարի՝ ընդդեմ սեփական բակի ապօրինի կառուցապատման: Կառուցապատողն իրեն թույլ էր տալիս բռնի ուժ կիրառել և հայհոյել բնակիչներին, քանի որ ձեռք էր բերել քաղաքապետարանի մի քանի փաստաթղթեր: Չնայած կատաղի պայքարին, նրանք սղոցներով կտրեցին տասնյակ կենսունակ ծառեր և ոտնահարեցին երևանցու իրավունքը: Ոստիկանությունը լուռ հետևում էր այդ ապօրինություններին:

Նշենք որ խախտված են ՀՀ բազմաթիվ օրենքներ և որպես գործողությունների հիմք ներկայացվող բոլոր փաստաթղթերը տրված են ՀՀ օրենքների խախտումներով: Քանի որ Երևանի քաղաքապետը և ավագանին հանցավոր անգործություն են ցուցաբերում և ի վիճակի չեն պաշտպանել սեփական քաղաքացիներին, ապա Նալբանդյան 106/1 բակի բնակիչներն այսուհետ ստիպված են իրենց ուժերով պաշտպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը:
Ակնհայտ է, որ Երևանի բակերի աղետալի կառուցապատումը և ՀՀ կառավարության նոր նախաձեռնությունը Երևանի փոքր կենտրոնի մասին դեռևս չեն անդրադարձել Երևանի քաղաքապետարանի գործելաոճի վրա:

Շեշտում ենք, որ Երևանի քաղաքապետը և ավագանին ընտրվում են երևանցիների կողմից և պարտավոր են ծառայել բնակչության շահերին, հաշվի նստել նրա կարծիքի հետ, այլ ոչ թե ծառայել արտերկրից ժամանած բիզնեսմենների շահերին և կիսաքրեական պահելաձևով աչքի ընկնող անձանց:
Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն
Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը