Լրահոս

31.05.2012 14:13


ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը ականի պայթյունից տուժած նախկին զինծառայող Արման Մանուչարյանի դեպքի վերաբերյալ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը  ականի պայթյունից տուժած նախկին զինծառայող  Արման Մանուչարյանի դեպքի վերաբերյալ

2010 թ-ի նոյեմբերի 19-ին Վանաձորի զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության զորակոչված Արման Մանուչարյանը, ծառայություն իրականացնելով Մատաղիսի թիվ 33651 զորամասում, 2012 թ-ի փետրվարի 16-ին վիրավորվել է ականի պայթյունից, որի մասին ծնողները տեղեկացել են Վանաձորի զինկոմիսարիատից՝ հեռախոսազրույցի միջոցով: Պայթյունի հետեւանքով Արման Մանուչարյանը կորցրել է ձախ ոտքը՝ ծնկից ներքեւ: Կատարվածից հետո նա մինչեւ 2012 թ-ի ապրիլի 13-ը բուժվել է Երեւանի «Մուրացան» բժշկական կենտրոնում:

2012 թ-ի փետրվարի 16-ին տեղի ունեցած դեպքից անցել է չորս ամիս: Չնայած Արման Մանուչարյանը ստացել է բուժում, սակայն նրան չի տրամադրվել զինվորական գրքույկ, անձնագիր, անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պաշտպանական գերատեսչության որեւէ ներկայացուցիչ չի այցելել Արման Մանուչարյանին:

Փաստաթղթերի ձեռքբերման նպատակով Արման Մանուչարյանի մայրը բազմաթիվ անգամ դիմել է Վանաձորի զինկոմիսարիատ, սակայն որեւէ տեղեկություն փաստաթղթերի տրամադրման վերաբերյալ չեն հայտնել, որոնց բացակայության պայմաններում Արման Մանուչարյանը զրկված է հետագա բուժում ստանալու հնարավորությունից: Մասնավորապես, մինչ այժմ լուծված չէ Արման Մանուչարյանի պրոթեզավորման հարցը եւ նրա հարազատներին հայտնի չէ, թե ով է զբաղվելու այդ խնդրով:

Վերը շարադրվածը վկայում է Արման Մանուչարյանի նկատմամբ պաշտպանական գերատեսչության անտարբերության մասին:

Մտահոգված լինելով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների դեպքերով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ պաշտպանական գերատեսչությունը պարտավոր է պատասխանատվություն կրել յուրաքանչյուր զինծառայողի համար ոչ միայն զինծառայության ընթացքում, այլեւ զինծառայության հետեւանքով առաջացած զինծառայողների առողջական եւ սոցիալական ապահովության խնդիրների լուծմամբ:

Հաշվի առնելով Արման Մանուչարյանի եւ նրա ընտանիքի ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել նախկին զինծառայողի փաստաթղթերի տրամադրման, նրա առողջական եւ սոցիալական ապահովության խնդիրների հրատապ եւ արդյունավետ լուծման համար:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը