Լրահոս

30.05.2012 09:28


Հայերը պետք է միասնական ճակատ կազմեն Թուրքիայի հետ ցանկացած բանակցություն վարելուց առաջ

Հայերը պետք է միասնական ճակատ կազմեն Թուրքիայի հետ ցանկացած բանակցություն վարելուց առաջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի` սփյուռքի հետ երկխոսություն սկսելու ջանքերի վերաբերյալ իմ վերջին հոդվածը բազմաթիվ արձագանքների տեղիք տվեց հայկական և թուրքական շրջանակներում:

Թուրքական թերթերը, հեռուստաընկերություններն ու կայքերը լայնածավալ լուսաբանություններ կատարեցին Դավութօղլուի՝ հայերի հետ կապեր հաստատելու փորձերի վերաբերյալ: Թուրքական ԶԼՄ-ներն արտաքին գործերի նախարարի նախաձեռնությունը կապում են հայերի՝ 2015 թվականին Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման ծրագրերի հետ:

Հայերը ևս մեկնաբանություններով ողողեցին ինտերնետային էջերն ու facebook-ը իմ հոդվածի կապակցությամբ, որը շրջանառվեց աշխարհով մեկ անգլերեն, հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով: Հայերի արձագանքն հասկանալիորեն լի էր կասկածամտությամբ և զգուշավորությամբ: Հայաստանի պաշտոնատարները հանգիստ հետևում էին Դավութօղլուի հանդիպումների վերաբերյալ զեկույցներին` զերծ մնալով որևէ հրապարակային մեկնաբանություն անելուց, մինչդեռ Ստամբուլի հայկական մամուլը մարզապես վերատպում էր այն, ինչ այդ թեմայի շուրջ հրապարակվում էր թուրքական մամուլում: 

Հայ ընթերցողներին երկու հարց հուզեց. ո՞վ կներկայացնի սփյուռքը, եթե և երբ հայերը սկսեն բանակցություններ վարել Թուրքիայի հետ, և որո՞նք են կոնկրետ հայկական պահանջները Թուրքիայի կառավարությունից: 

Սրանք չափազանց բարդ խնդիրներ են, որոնք պետք է լուրջ դիտարկվեն աշխարհասփյուռ հայերի կողմից: Իդեալական կլիներ, եթե սփյուռքի ներկայացուցիչներն ընտրվեին իրենց երկրների հայ բնակիչների քվեների միջոցով, ինչպես առաջարկել էի իմ նախկին հոդվածներում: Ընտրվածներն իրավունք կունենան ներկայացնել սփյուռքահայությանը ցանկացած բանակցություններում:

Այս ներկայացուցիչները կհամաձայնեցնեն իրենց որոշումներն ու գործողությունները Հայաստանի կառավարության հետ, մասնավորապես Թուրքիայի հետ բանակցություններ վարելու չափազանց կարևոր խնդրի շուրջ` ստեղծելով համատեղ պատվիրակություն: Դասեր քաղելով ձախողված հայ-թուրքական արձանագրությունների փորձից, հստակ է, որ անհնար է Թուրքիայի հետ երկխոսություն հաստատել առանց երկուսի` Հայաստանի և սփյուռքի մասնակցության և համաձայնության:  

Սփյուռքի ընտրովի կառույցի բացակայության դեպքում, հայկական երեք ավանդական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, Հայաստանի կառավարության հետ համատեղ, կարող են նախաձեռնել միասնական բանակցությունների թիմ: Պատվիրակությունն առավել ներկայացուցչական դարձնելու նպատակով, մի քանի գլխավոր համայնքային կազմակերպություններ և ճանաչված անհատներ կարող են նաև ընդգրկվել այնտեղ, ներառյալ` Թուրքիայի հայերի ներկայացուցիչը:

Մեկ այլ չափազանց կարևոր հարց թուրք պաշտոնատարների հետ բանակցությունների օրակարգ մշակելն է: Որո՞նք են հայերի կոնկրետ պահանջները Թուրքիայից: Այս շատ լուրջ և զգայուն խնդիր է, որը պահանջում է հայկական հարցի խորը գիտելիք և բանակցություններ վարելու ռազմավարության և մարտավարության մասնագիտություն:

Հայերի համար ուսուցողական կլիներ դիտարկել, թե ինչպես էին Իսրայելն ու հրեական 23 խոշոր կազմակերպություններ միավորվել` կազմելով մի համաժողով

Գերմանիայից հրեաների նյութական պահանջների` Հոլոքոստի զոհերի համար փոխհատուցում ստանալու նպատակով, և թե ինչպես էին այս կազմակերպությունները համաձայնեցնում իրենց դիրքորոշումները Իսրայելի հետ, որը փոխհատուցման առանձին պայմանագիր էր կնքել Արևմտյան Գերմանիայի հետ: Տարիների ընթացքում նրանց համատեղ ջանքերի արդյունքում հրեական սփյուռքի կազմակերպությունների և Իսրայելի կոալիցիան Գերմանիայից որպես փոխհատուցում ստացավ 70 միլիարդ դոլար: 

Կարելի է հավելյալ դասեր քաղել զանգվածային դատերից, ասբեստի ներգործությունից, ապրանքների համար պատասխանատվությունից, ինչպես նաև Նյու Յորքի Առևտրական զույգ շենքերի կործանումից և Մեքսիկայի ծովածոց նավթ թափելուց առաջացած ֆինանսական կարգավորումների օրինակներից:

Այնուամենայնիվ, Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության միջև մի կարևոր տարբերություն կա: Մինդեռ հրեաները կոտորվեցին Եվրոպական երկրներում նացիստական իշխանության լծի տակ, հայերը կոտորվեցին և բռնի կերպով հեռացվեցին իրենց հայրենիքից: Ուստի, դրամական ոչ մի վճարում չի կարող լիովին փոխհատուցել հայերին իրենց պատմական հողերի կորստի դիմաց: Հայերը պետք է պահանջեն ոչ միայն իրենց անձնական կորուստների փոխհատուցում, այլ նաև պահանջեն վերադարձնել Արևմտյան Հայաստանը, ինչպես վճռել էր նախագահ      Վուդրո Վիլսոնը` մի պահանջ, որը Թուրքիան շարունակաբար մերժում է:      

Եթե լուրջ բանակցություններ սկսվեն, ապա հայերի համատեղ պատվիրակությունը 

կկարողանա  Թուրքիայից պահանջել հետևյալ նախնական քայլերը, որոնցով Թուրքիան կապացուցի իր բարյացակամությունը`  

-- փոխհատուցել ցեղասպանության բոլոր զոհերին,

--վերականգնել և Ստամբուլի հայոց պատրիարքարանին վերադարձնել կրոնական բոլոր սրբավայրերը,

--վերադարձնել առգրավված մասնավոր և համայնքային բոլոր կալվածքները իրենց հայ տերերին,    

--ապահովել Հայաստանի Հանրապետության համար հատուկ միջանցք օգտագործելու համար Տրապիզոնի թուրքական նավահանգիստը առևտրային նպատակներով,   

--թույլատրել հայերին առանց մուտքի արտոնագրի այցելել Արարատ, Անի և Թուրքիայում գտնվող այլ հայկական պատմական վայրերը,

-- վերացնել Հայաստանի շրջափակումը,

--վերջ տալ Հայոց ցեղասպանության Թուրքիայի կողմից ժխտման պաշտոնական քաղաքականությանը և ջնջել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը,

--զերծ մնալ Հայաստանի և Արցախի դեմ ուղղված թշնամական քաղաքականությունից:

Համաձայնության գալու դեպքում, այս միջոցառումները զգալի առաջընթաց կլինեն Թուրքիայից հայկական պահանջների հետապնդման գործում, մինչդեռ տարածքների վերադարձի խնդրին կարելի է առանձին դիմել միջազգային իրավական ատյաններին:

  Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ` Կ. Գևորգյան 

Այս խորագրի վերջին նյութերը