Տնտեսական

29.05.2012 12:15


Ի՞նչ է կատարվում արտարժույթի շուկայում՝ սեզոնային տատանո՞ւմ, թե՞ դրամի գահավիժում

Ի՞նչ է կատարվում արտարժույթի շուկայում՝ սեզոնային տատանո՞ւմ, թե՞ դրամի գահավիժում

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչտնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Մնացականյանը կարծում է, որ Հայաստանի արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճը ՀՀ դրամի նկատմամբ կրում է սեզոնային բնույթ և կապված է այն բանի հետ, որ Հայաստանի քաղաքացիները, որոնք նախատեսում են արձակուրդ մեկնել արտերկիր,  մայիսի վերջին և հունիսի սկզբին բարձր պահանջարկ են ձևավորում  արտարժույթի, մասնավորապես՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Թե որքան Հայաստանի քաղաքացի է հունիսին մեկնում արտասահման հանգստի, տնտեսագետը չի մանրամասնել։ Տնտեսագետի խոսքով՝ դոլարի արտարժույթի տատանման վրա ազդում են նաև համաշխարհային շուկայի գործոնները, մասնավորապես՝ նավթի գների տատանումները։

Հայկ Մնացականյանն ասել է, որ դոլարի փոխարժեքը կկարգավորվի հունիսին, միաժամանակ նշելով, որ այն չի վերադառնա նախկին ցուցանիշներին։ Անդրադառնալով գնաճի թափին՝ տնտեսագետը կարծիք է հայտնել, որ այն կմնա Կենտրոնական բանկի կողմից ուղենշած միջակայքում՝ 4,5+-1,5 տոկոս։

Բանախոսը նաև բացառել է դոլարի փոխարժեքի տատանման կապը ընտրությունների ժամանակ շրջանառվող դրամի ծավալի աճի հետ։

Հայկ Մնացականյանը քաղաքացիներին խորհուրդ է տվել իրենց խնայողությունները ներդնել տնտեսության մեջ կամ էլ բանկերում և ընդգծել է, որ ՀՀ դրամով ավանդների համար բանկերը սահմանել են բարձր տոկոսադրույքներ։

Միաժամանակ հարկ է նշել՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ դրամի արժեզրկումն ամենևին էլ սեզոնային բնույթ չի կրում, և սահուն արժեզրկումը կշարունակվի 2012թ. ողջ ընթացքում, իսկ 2013թ. կլինի գահավիժում կամ ավելի կտրուկ արժեզրկում։ Արժեզրկման վրա ազդելու են նախագահական ընտրություններն ու Հայաստանի միջազգային պարտավորությունները՝ կապված արտաքին պարտքի վերադարձի հետ։

Հրանտ Բագրատյանը գրում է, որ Հայաստանի մենաշնորհային տնտեսության պայմաններում, որը հիմնված է ներմուծման վրա, դրամի արժեզրկումը բերելու է լրացուցիչ գնաճի։

Հակառակ տնտեսագետ Հայկ Մնացականյանի խորհրդին՝ Հրանտ Բագրատյանը  քաղաքացիներին հորդորել է խնայողությունները չպահել ՀՀ դրամով, այլ գնել դոլար, ծայրահեղ դեպքում՝ ռուսական ռուբլի, իսկ էլ ավելի ծայրահեղ դեպքում՝ եվրո։ Բագրատյանը խորհուրդ է տվել «չգայթակղվել դրամի վրա բանկերի կողմից տրված բարձր դեպոզիտներով, գործարքները կատարելիս էլ աշխատել ապրանքների ու ծառայությունների գնման պայմանագրերն անել դրամով, վաճառքինը՝ դոլարով»։ Եվ վերջում՝ հնարավորության սահմաններում ստեղծել առաջին անհրաժեշտության ապրանքների պաշարներ։

Այս խորագրի վերջին նյութերը