Լրահոս

28.05.2012 10:29


Կոչ՝ դադարեցնել Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող ռեստորանի շինարարությունը

Կոչ՝ դադարեցնել Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող ռեստորանի շինարարությունը
Երիտասարդ գրողների 10-րդ համաժողովի մասնակիցների հայտարարությունը Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող ռեստորանային համալիրի շինարարության վերաբերյալ.
 
«Կեչառիսի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր: Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։ Կեչառիսից 120 մ հեռու կանգուն է Ս. Հարություն փոքրիկ եկեղեցին, որը կառուցվել է 1220թ.-ին։ Արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում։

Եվ այս պատմամշկութային երկու արժեքների միջև ներկայումս կառուցվում է ժամանցային համալիր, որն ակնհայտորեն արժեզրկում է մշակութային համալիրի պատմական նշանակությունը և կարող է իր գործունեությամբ բացասական ազդեցություն ունենալ տարածքի ընդհանուր հոգևոր և բարոյական միջավայրի վրա:

Մենք` համաժողովի մասնակից գրողներս, մեր քաղաքացիական պարտքն ենք համարում մեր դժգոհությունն ու վրդովմունքը հայտնելու վերոնշյալ տարածքում կատարվող շինարարության դեմ: Պահանջում ենք դադարեցնել շինարարությունը և պատկան մարմիններից ակնկալում ենք հետևողականություն նշյալ տարածքում ցանկացած տեսակի շինարարության օրինականացման և իրագործման հարցում:

Դիմում ենք`

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին

ՀՀ վարչապետին

ՀՀ մշակույթի նախարարին

Կոտայքի մարզպետին

Ծաղկաձորի քաղաքապետին

Այս խորագրի վերջին նյութերը