Լրահոս

25.05.2012 13:56


Սերժ Սարգսյանն ընդունել է Հունգարիայի նորանշանակ դեսպանին

Սերժ Սարգսյանն ընդունել է Հունգարիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շանդոր Սաբոյը: Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ-հունգարական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և հատկապես վերջին տարիներին զգալի ակտիվություն է նկատվել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու գործում, ինչին նպաստել է նաև 2009թ. ՀՀ նախագահի Հունգարիա կատարած պետական այցը:

Զրուցակիցների համոզմամբ, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները դեռևս զիջում են քաղաքական հարաբերություններին, որոնք զարգացնելու համար լավ հնարավորություններ և մեծ ներուժ կա:

Դեսպան Շանդոր Սաբոյը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի հնարավորը այդ ներուժն առավելագույնս օգտագործելու և երկկողմ տնտեսական կապերն ակտիվացնելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության զարգացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը