Լրահոս

25.05.2012 11:41


Կովկասում «Գալիցիայի երեք պատմությունները» ֆիլմի պրեմիերա

Կովկասում «Գալիցիայի երեք պատմությունները» ֆիլմի պրեմիերա

Երևանում ցուցադրված «Գալիցիայի երեք պատմությունները» փաստագրական ֆիլմը հանդիսատեսին ստիպեց խոր անձնական ճանապարհորդություն անցնել դեպի այն մարդկանց ամենօրյա կյանքը, ովքեր պայքարում են պատերազմի, ատելության և իրար մոտ ապրող ազգերի միջև հակամարտության հետևանքների դեմ: 

Ֆիլմի ցուցադրումը կազմակերպվել էր  Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվա և Հայաստանում լեհական օրերի շրջանակներում:

Միջոցառման կազմակերպմանը աջակցել էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը, Լեհաստանի և Ուկրաինայի դեսպանատները և Փարաջանովի թանգարանի ղեկավարությունը:

Այս փաստագրական ֆիլմը յուրօրինակ կերպով նկարագրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո Արևելյան Եվրոպայի Գալիցիա տարածաշրջանում (այժմ բաժանված է Լեհաստանի և Ուկրաինայի միջև) տեղի ունեցած իրադարձությունները: Դարեր շարունակ Գալիցիան եղել է էթնիկ խմբերի հայրենիքը` ոչ միայն ուկրաինացիների և լեհերի, այլև հայերի և հրեաների:

Ֆիլմը հարգանքի տուրք է մատուցում բազմաթիվ անհայտ հերոսների հիշատակին, հասարակ մարդիկ, ովքեր, անտեսելով վեր խոյացող սարսափի ու վտանգի սպառնալիքները, արել են այն, ինչ ճիշտ էր, և ոչ թե այն, ինչ հեշտ էր: Ֆիլմը պատմում է մի հրեական ընտանիքի մասին, որը նախընտրեց փրկել իր ոխերիմ թշնամուն` մի ուկրաինացի կնոջ, ով իր երկրի փրկության համար համբերությամբ տարավ իր երեխաների առևանգումը, և մի լեհ քահանայի, ով վտանգեց ամեն ինչ, որպեսզի վերջ տա եկեղեցական ծուխը քայքայող աղանդավորական ատելությանը:

«Գալիցիայի երեք պատմությունները» ֆիլմը ցուցադրվել և մեծ հաջողություն է ունեցելԿաննի, Համբուրգի կինոփառատոնների շրջանակներում, ինչպես նաև Միացյալ Նահանգներում, Ուկրաինայում և Կանադայում: Իսկ այսօր, ֆիլմի կովկասյան պրեմիերայի ժամանակ, Փարաջանովի թանգարանը լի էր հանդիսատեսով: 

Ֆիլմը ռուսերեն թարգմանել է Սամվել Ավետյանը, իսկ կրկնօրինակվել է հայկական «Ֆորմիկա» ընկերության կողմից:

Ֆիլմի մասին մանրամասն տեղեկատվության համար այցելել` www.threestoriesofgalicia.com

Այս խորագրի վերջին նյութերը