Լրահոս

24.05.2012 17:51


ՀԱԿ անդամներն ու Քոքոբելյանը հրաժարվել են Երևանի ավագանու մանդատից

ՀԱԿ անդամներն ու Քոքոբելյանը հրաժարվել են Երևանի ավագանու մանդատից

«a1plus»–ի փոխանցմամբ՝ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 4 թեկնածու ԱԺ պատգամավոր դառնալու համար այսօր ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

2009թ. Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքում ՀԱԿ անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը, Լեւոն Զուրաբյանն ու Լյուդմիլա Սարգսյանը դարձել են Երևանի ավագանու անդամներ: Թեեւ 2009–ին ՀԱԿ-ը հրաժարվել է Ավագանու նիստերին մասնակցելուց, սակայն ԿԸՀ դիմում չէր ներկայացրել:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը բացատրում է. «Իրենց տեղյակ ենք պահել, որ պետք է հրաժարվել Ավագանու մանդատից, որպեսզի ստանաք Ազգային ժողովի պատգամավորի մանդատ, որովհետև սրանք անհամատեղելի պաշտոններ են»։

Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն այլ կարծիքի է. «Ավագանին պաշտոն չի համարվում. ավագանու անդամը, ի տարբերություն քաղաքապետի կամ քաղաքապետարանում վարչության պետերի, աշխատավարձ չի ստանում. դա ավելի շատ հասարակական կարգով մի մարմին է, ընտրովի մարմին»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի խոսքերով՝ խոսքն այստեղ ոչ թե Ավագանու անդամի մասին է, այլ պատգամավորի, որն իրավունք չունի այլ պաշտոններ զբաղեցնել.

«Խնդիրը սահմանադրական նորմի հետ է կապված, դա Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ սահմանափակում է. այդ տրամաբանությամբ, օրինակ, Անհատ ձեռներեցների մասին օրենքում պետք է գրված լիներ, որ նա Ազգային ժողովի պատգամավոր չի կարող դառնալ, բայց չկա, չէ՞, այդպիսի բան»:

Ի դեպ, երեկ Ավագանու անդամից մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել նախկին ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, որը «Ժառանգության» միասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում է, ԱԺ պատգամավոր դառնալու համար։

Այս խորագրի վերջին նյութերը