Հարցազրույց

23.05.2012 15:54


Արմեն Բադալյան

Արմեն Բադալյան

Հարցազրույց ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը մայիսի 22–ին որոշել է լուծարել իր բոլոր կառույցները և վերակազմավորվել, ինչպես նաև շարունակել քաղաքական համագործակցությունը 2008, 2009թթ. ստորագրված քաղաքական փաստաթղթերի ոգուն համապատասխան։ Ըստ էության՝ սա ի՞նչ է նշանակում։

–Ըստ էության՝ նշանակում է մեկ բան՝ 2008թ. մարտի 1–ից հետո «Օրինաց երկիր» կուսակցություն  գոյություն չունի, և թե դրանից հետո ՕԵԿ–ն ինչ կառուցվածքային փոփոխությունների կփորձի իրեն ենթարկել–չենթարկել, դրանով նա չի վերակենդանանում։ Ընդամենը փորձում է ցույց տալ, որ գոյություն ունի, և դրանով նա որևէ «մեսիջ» չի ուղարկում։

–Կարելի՞ է ասել, որ դե ֆակտո առկա փաստը պարզապես դե յուրե տեսք ստացավ, այսինքն՝ ՕԵԿ–ն իրականում միացավ ՀՀԿ–ին, և դարձան մեկ կուսակցություն։

–2008թ. մարտի 1–ի՛ց փաստացի միացավ ՀՀԿ–ին։ Երբ ՕԵԿ կուսակցության ղեկավարը նախագահական ընտրություններից հետո դավաճանեց իր ընտրազանգվածին, այդ պահից սկսած այդ կուսակցությունը փաստացի գոյություն չունի։ Այո՛, նա գրանցված է Արդարադատության նախարարությունում, ինչպես նաև բազմաթիվ այլ կուսակցություններ, բայց նա գոյություն չունի։ Նա փաստացի Հանրապետական կուսակցության երկրորդ մասնաճյուղն է։

–Բայց Սերժ Սարգսյանն ասում էր, որ ՕԵԿ–ը բարոկայանության կերպար է։

–Ամեն մարդ ազատ է իր տեսակետներն ասելու համար։

–Եթե ՕԵԿ կուսակցությունը փաստացի գոյություն չունի, ինչպե՞ս մայիսի 6–ի խորհրդարանական ընտրություններում թեկուզ հենց անցողիկ տոկոսներ ստացավ։

–Մայիսի 6–ին ընտրություններ տեղի չեն ունեցել։ Տեղի է ունեցել ֆինանսական լայնամասշտաբ միջոցառում, որի չակերտավոր արդյունքն ապահովվել է ընտրակաշառքի և վիրտուալ ընտրողների միջոցով։ Իսկ թե ինչպե՞ս ՕԵԿ–ը հայտնվեց խորհրդարանում, հարցրեք այն հանրապետականներին, ովքեր մայիսի 6–ին, այսպես ասած, գումարներ էին նվիրաբերում ընտրողներին։ Նրանք կբացատրեն, թե ում համար են փող տվել, և ով ինչ ճանապարհով է հայտնվել խորհրդարանում։

–Այդ դեպքում ՕԵԿ–ը ՀՀԿ–ին ինչո՞ւ է պետք, ինչո՞ւ է նրան իր հետ տանում խորհրդարան, ինչպես նաև Վիկտոր Դալլաքյանի կամ Արտաշես Գեղամյանի նման գործիչները ՀՀԿ–ին ինչո՞ւ են պետք։

–ՕԵԿ–ն ունի խորհրդարանական մի քանի կոճակ սեղմող, ինչն անհրաժեշտ կլինի ՀՀԿ–ին։ Եթե հանրապետական որոշ պատգամավորներ բացակայեն, այդ բացակայությունը կփոխհատուցվի ներկա եղածների կոճակներով։ Սա մեկ։ Երկրորդ՝ ՕԵԿ–ը՝ որպես դե յուրե գոյություն ունեցող կուսակցություն, ընտրական հանձնաժողովներում ունի իր ներկայացուցիչները, որոնք, բնականաբար, աշխատում են Հանրապետականի համար։

–Իսկ Գեղամյանի և Դալլաքյանի տիպի գործիչներին ինչո՞ւ է ընդգրկել իր ցուցակում։

–Դա հարցրեք ՀՀԿ–ի ղեկավարին։ Ընդհանրապես, երբ նայում ես ՀՀԿ–ի ցուցակին, այնտեղ թիմ գոյություն չունի։ Քանի որ ոչ մի տրամաբանություն չկա, բնականաբար, պատասխան էլ չկա։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը