Լրահոս

23.05.2012 14:35


Գյումրու նոր ավագանու նախաձեռնություն

Գյումրու նոր ավագանու նախաձեռնություն

Գյումրու քաղաքացիական նախաձեռնությամբ` թիմային խմբով նոր ավագանի ունենալու գաղափարի շուրջ համախմբման երկրորդ ժողովը տեղի կունենա 2012 թվի մայիսի 28-ին ժամը 14-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի Խոսքի ազատության սրահում, հասցե. Գյումրի, Պուշկինի փ. 96, հեռ (0312) 50622: Մուտքն ազատ է:

Հրավիրվում են բոլոր նրանք, ովքեր կամենում են առաջիկա ՏԻՄ ընտրություններում համայնքի շահերին ու խնդիրներին հետամուտ ավագանի ունենալ, նրանք, ովքեր կկարողանան թեկնածու լինելով կամ գաղափարը պաշտպանելով, թեկնածուներին այս կամ այն կերպ սատարելով, քաղաքի առաջ ծառացած հսկայական խնդիրները լուծելու ուղղությամբ արդյունավետ եւ նորարարական գաղափարներով նպաստել թիմային ավագանու թեկնածության առաջխաղացմանը եւ հաղթանակին:

2012 թվի սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գյումրին ունենալու է 21 հոգանոց ավագանի: Այս նախաձեռնությունը առաջադրելու է 10-12 կամ գուցե 15 թեկնածու:     

Հանդիպմանը հրավիրվում են նաեւ հետաքրքրված բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները, բլոգերները եւ քաղաքացիական լրագրողները:

Նախաձեռնության առաջին հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 18-ին Սախարովի անվան իրավապաշտպան կենտրոնի Գյումրու գրասենյակում, մասնակցեցին ավելի քան 30 հոգի: Մասնակիցները պաշտպանեցին նախաձեռնությունը, մի քանի հոգի հրաժարվեցին 2012 թվի սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գյումրու ավագանու անդամության համար առաջադրվելու առաջարկներից, բայց պատրաստակամություն հայտնեցին սատարել նախաձեռնությունը` ինչպես կարողանան: Առաջարկվեց ստեղծել աշխատանքային խումբ, հետագայում այն վերածել շտաբի, ունենալ հիմնադրամ, համախմբել հանրության շահագրգիռ անդամներին այս գաղափարին շուրջ, ունենալ թիմային իրատեսական քառամյա աշխատանքային ծրագիր եւ քաղաքի զարգացման հայեցակարգ` առաջիկա 20-30 տարիների համար, վարել թիմային քարոզչություն, հնարավոր թեկնածուներին ներկայացնել հանրությանը որպես նույն գաղափարի ջատագովներ, եւ անկախ այն հանգամանքից, թե հնարավոր 10-12 թեկնածուներից ովքեր կընտրվեն Գյումրու ավագանու 6-րդ գումարման (2012-2016) անդամներ, առաջնորդվել թիմային ծրագրով եւ հետեւողականորեն պայքարել քաղաքի խնդիրները լուծելու ուղղությամբ:

Հ.Գ. Մայիսի 28-ի ավելի վաղ հայտարարված հանդիպման ժամը 16-ից տեղափոխվել է ժամը 14-ը լրատվամիջոցներին եւ լրագրողներին առավել հարմար դարձնելու նպատակով, անհարմարությունների համար ներողամիտ կլինեք:

Նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը