Լրահոս

22.05.2012 16:08


ՀՀ ոստիկանություն. «...ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից»

ՀՀ ոստիկանություն. «...ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից»
Մայիսի 25-ին հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը», ու երեկվա աշակերտները կգնան իրենց երազանքների ճանապարհով:
Այս ավանդական, բայց և ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն և բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որևէ դիպված կամ, Աստված մի արասցե, փորձանք չմթագնի օրվա տոնականությունը:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ այս օրերին անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաև ծնողների հետ: Նպատակը մեկն է. համատեղ, համակարգված, միահամուռ ապահովել «Վերջին զանգի» հանդիսությունների անխափան ընթացքը, մասնակիցների անվտանգությունը, պատշաճ կարգուկանոնը դպրոցներում ու դպրոցամերձ տարածքներում, փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ամենուր, որտեղ իրենց տոնը նշելու են երեխաները:
Դա բոլորիս ցանկությունն է, և համոզված ենք, որ այդ նպատակին ուղղված աշխատանքներն արդյունավետ կլինեն: Միևնույն ժամանակ, հարկ ենք անում մեկ անգամ ևս կոչ անել մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:
Ոստիկանությունը մայիսի 25-ին ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների և օրինականության խախտման ցանկացած դրսևորման հանդեպ:
Այդ խստությունը ոմանց կարող է նույնիսկ անհարկի թվալ, բայց մենք այլ կարծիքի ենք. ավելի լավ է մեզ քննադատեն խստության համար, քան սթափվենք, երբ դժբախտությունն արդեն պատահած կլինի…
Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի:
Սիրելի՛ դպրոցականներ, շնորհավորում ենք ձեզ «Վերջին զանգի» անմոռանալի տոնի առթիվ:
Մաղթում ենք հույս, հավատ, սեր` ձեր բոլոր ձեռնարկումներում:
Թող լույսն առաջնորդ լինի ձեր ընթացքին, և հաջողությունը պսակի ձեր նպատակները` այս գեղեցիկ օրվա նշանի ներքո:
Աստված ձեզ պահապան:
ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը