Հարցազրույց

22.05.2012 12:58


Նվարդ Մանասյան

Նվարդ Մանասյան

Հարցազրույց ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, գիտխորհրդի անդամ Նվարդ Մանասյանի հետ

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 5 աշխատակիցներ, այդ թվում և Դուք, երեկ դիմում եք գրել համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանին՝ պահանջելով ձեզ ազատել զբաղեցրած վարչական պաշտոնից։ Ինչի՞ց դրդված եք նման դիմում ներկայացրել, և ի՞նչ նպատակ է այն հետապնդում։

–Մենք մեր հիմնավորումները ազատման մասին դիմումում շարադրել ենք, և մեր ընդվզումը անօրինականության շարունակվող շղթայի ու դրան նպաստողների դեմ է: Մենք չենք պատրաստվում հակասահմանադրականության հետ գործակցել: Դիմումում շարադրել ենք այդ ամենը և մատնանշել նաև ՀՀ Սահմանադրության խախտված կետերն ու մեր օրենքների նեղ ու կամայական մեկնաբանությունը:

Դասախոսական աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ռեկտորի պաշտոնից ազատված Սուրեն Զոլյանը։ Աշխատանքից հրաժարվելով՝ չե՞ք նպաստում արդյոք համալսարանում առկա այն բոլոր խնդիրների պահպանմանը և չլուծվելուն, որոնք մատնանշում եք։

Համալսարանականությունը ոտնահարվեց այն պահից, երբ Գ. Գասպարյանը, ով ընդլայնված գիտխորհրդի նիստում քննարկված ապօրինի ու ոչ իրավաչափ որոշումների չեղարկումը դատարանում վիճարկելու մասին գիտխորհրդի որոշմանը կողմ քվերակելուց հետո, դառնալով ժ/պ, հրաժարվեց ստորագրել, խախտեց բուհի կանոնակարգը, անժամկետ հետաձգեց գիտխորհրդի անդամների պահաջով հրավիրված նիստը (դրա իրավունքը չուներ), ապա գիտխորհրդի որոշ անդամների պահանջը ստորագրելու հայցադիմումը մերժեց ու փախուստի դիմեց: Համալսարանականությունը վերջնականապես մեռավ, երբ նորից խախտվեց Համալսարանի կանոնադրությունը, և հայտարարվեց «պարետային ժամ», երբ դասախոսներն ու ուսանողները չէին կարող որոշակի ժամերից հետո մուտք գործել համալսարան: Համալսարանականությունը այս ամենի արդյունքում մեռավ, ու այլևս վարչական պաշտոնում մնալը կլիներ անբարոյականություն, որին մենք հաճախ հարմարվողականություն ենք անվանում: Համալսարանը՝ որպես կառույց, իր վարչակազմով սերտաճել է անօրինականություններ իրականացնող պաշտոնատարների տեսլականով առաջնորդվող վարչական լծակների հետ, և տոտալացված երկրում այդ վարչական լծակներով պայքարելն այլևս իմաստ չունի:

Ձեր դիմումն ուղղված է ԵՊԼՀի ռեկտոր Գայանե Գասպարյանին։ Այսպիսո՞վ չեք լեգիտիմացնում այդ պաշտոնում նրա գտնվելը և Զոլյանին այդ պաշտոնից ազատելու իրավականությունը։

Դիմումը անձի դեմ չէ, այլ համակարգի, և այն նշում է՝ չհանդուրժելով Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նկատմամբ հետևողականորեն իրականացվող ապօրինությունները։ Այստեղ Գ. Գասպարյանը երկար ձգվող շղթայի միայն մեկ օղակն է, ոչ ավելին: Սա լեգիտիմացում չէ: Մենք կլեգիտիմացնեինք, եթե գործակցեինք, օրինակ, ստեղծվող աշխատանքային խմբի հետ, որը պիտի վերացներ ՀՀ կրթության և գիտության նախարարության, այսպես կոչված, ստուգումների արդյունքում ի հայտ եկած խախտումները: Պարոն Աշոտյանը հորջորջում էր, որ գաղտնազերծումներ պիտի անի լուրջ խախտումների մասին, իսկ գիտխորհուրդը դրան պատասխան տվեց: Մենք հավատարիմ ենք մնում գիտխորհրդի լեգիտիմ որոշմանը և բոլոր դրան հակասող գործողությունները համարում ոչ օրինական: Այս տրամաբանությամբ՝ մեր դիմումը վերահաստատում է մեր պայքարելու կամքն ու անօրինականություններին չենթարկվելու մեր որոշումը:

Շատերի համար հստակ է, որ Արմեն Աշոտյանն ինքնագլուխ չի գնացել նման քայլի և գործել է երկրի բարձրագույն ղեկավարության իմացության ու թույլտվության ներքո։ Ինչո՞ւ եք ձեր թիրախը դարձել հենց Արմեն Աշոտյանին։

Սա պայքար է օրինականության, համալսարանական ինքնավարության համար, իսկ այս ամենում պարոն Աշոտյանը լիազոր մարմնի ղեկավարն է: Փաստացի իր գործողությունների արդյունքում է բուհը հայտնվել նման վիճակում: Ինքը տարփողում էր մեր երկիրը Բոլոնիայի մայրաքաղաք դարձնելու մասին, դրա աշխարհագրական անհեթեթության մասին չեմ էլ խոսի։ Բայց այն երկրի կրթության և գիտության նախարարը, որտեղ գործելու է Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների քարտուղարությունը, այս իրադարձության նախաշեմին ոտնահարում է համալսարանական ինքնավարության սկզբունքը, որի պահպանության ու պաշտպանության մասին հանձնառությունը երկիրը ստանձնել է դեռ «Եվրոպական տարածքում բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» հայտնի Լիսաբոնի միջազգայնագիրը ստորագրելիս։ Այն, ի դեպ, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2005թ. հունվարի 7-ին և  ուժի մեջ մտել նույն թվականի մարտի 1-ին:

Համալսարանի շուրջը ստեղծված իրավիճակից ի՞նչ լուծում եք տեսնում, և որքա՞ն կարող է տևել այս լարված մթնոլորտը։

Զարգացումները ցույց կտան: Բայց այս դեպքերը զարգանում են պարբերաբար, ՀՀ Սահմանադրությունը տարբեր առիթներով խախտելու մթնոլորտում: Երկրում պիտի վերահաստատվի սահմանադրական կարգը, և մեր չինովնիկներն ու պաշտոնյաները, աստվածաշնչյան մեջբերումների փոխարեն, հետամուտ լինեն այդ կարգի պաշտպանությանը: Թե այն ինչպես կիրականանա, ես չեմ կարող կանխատեսել, բայց պետությունն ու սահմանադրականությունն այլընտրանք չունեն:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը